Տեղահանվածներին գույքով ապահովման գործընթացը շարունակվում է. պատասխանատուն անդրադարձել է աշխատանքներին
Տեղահանված անձանց բնակարանային պայմանների և սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների ծրագրի շրջանակներում ԱՀ ԱՍՄ հարցերի նախարարության աշխատակազմի Միգրացիայի և ժողովրդագրական հարցերի վարչության կողմից շարունակվում է Արցախյան վերջին պատերազմի հետևանքով տեղահանված բնակչությանն Արցախի համայնքներում տրամադրվող կացարանների կահավորման աշխատանքների իրականացումը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և միգրացիայի վարչության պետ Արարատ Բախտամյանը։
«Վարչության աշխատակիցների ներկայացրած տեղեկանքների արդյունքներն ամփոփելուց հետո լրիվությամբ կահավորվել են տեղահանված ընտանիքներին տրամադրված` Ասկերանի շրջանի Պատարա համայնքում՝ 18, Լուսաձոր համայնքում՝ 12, Հովսեփավան համայնքում՝ 6, Դաշուշեն համայնքում՝ 3, Քռասնի և Աստղաշեն համայնքներում՝ 2-ական, Հարավ և Խանապատ համայնքներում՝ 1-ական բնակելի տներ, 1 տուն Մարտակերտ քաղաքում, իսկ Մարտունու շրջանի Մսմնա համայնքում՝ 2, Եմիշճան, Աշան համայնքներում և Մարտունի քաղաքում` 1-ական վերանորոգված բնակելի տներ»,- նշել է Ա. Բախտամյանը։
Մեր զրուցակիցը հավելել է, որ վերանորոգված ու կահավորման անհրաժեշտություն ունեցող բնակֆոնդի վերաբերյալ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված հայտերի հիման վրա՝ կահավորման ու անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով ապահովման գործընթացը շարունակում են իրականացնել համապատասխան կացարաններում: