ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տեղահանված ընտանիքների համար Քռասնիում կառուցվող բազմաբնակարանների մի մասի շինարարությունը կավարտվի տարեվերջին

Տեղահանված ընտանիքների համար Քռասնիում կառուցվող բազմաբնակարանների մի մասի շինարարությունը կավարտվի տարեվերջին

Քռասնի համայնքի վարչական տարածքում Ասկերանի շրջանի օկուպացված Ակնաղբյուր գյուղից տեղահանված ընտանիքների համար կառուցվում է նոր բնակավայր, որի շինարարությունն  ընթանում է բնականոն հունով:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ՏԿԵ նախարարի առաջին տեղակալ Վարդան Բեգլարյանը՝ հավելելով, որ բռնատեղահանված ակնաղբյուրցիների համար այս նոր բնակավայրը կառուցվում է  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով:
 
 «Կառուցվում է 12 եռահարկ շենք՝ 18-ական բնակարանով, որոնք կլինեն  1- 3 սենյականոց: Շինաշխատանքները սկսվել են 2021 թվականի նոյեմբեր ամսից: Նախատեսվում է աշխատանքների մի մասն ավարտել մինչև տարեվերջ, մյուս մասը՝ 2023 թվականի գարնանը»,-տեղեկացրել է Վ.Բեգլարյանը:
 
Մեր զրուցակցի խոսքով՝ շինաշխատանքներն իրականացնում են «Կապավոր», «Սմարթ սթրաքչերս» և «Պիրամիդա» ՍՊ ընկերությունները:
 
«Կառուցվող 216 բնակարաններից 100-ը նախատեսված է տեղահանված ակնաղբյուրցիներին ամբողջությամբ բնակարանով ապահովելու համար, իսկ մյուսներում կբնակվեն ավելի փոքր համայնքներից տեղահանված այն բնակիչները, որոնց համար առանձին թաղամաս չի կառուցվում»,-ընդհանրացրել է ԱՀ ՏԿԵ նախարարի առաջին տեղակալը:

  • Կիսվել: