շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Տեղահանված ընտանիքն իր նոր օջախը կստեղծի նորակառույց բնակավայրում

Տեղահանված ընտանիքն իր նոր օջախը կստեղծի նորակառույց բնակավայրում

Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում էր բնակվում Շողիկ Ավանեսյանի ընտանիքը մինչև Արցախյան երրորդ պատերազմը, որի ընթացքում հակառակորդի կողմից օկուպացվեց բնակավայրը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տիկին Շողիկը պատմեց, որ Սղնախում բնակվելու տարիներին ինքն աշխատում էր համայնքապետարանում, սեփական այգի ունեին, որ սիրով էին մշակում: Պատերազմից հետո իրենց հինգ հոգանոց ընտանիքը ստիպված եղավ հաստատվելու տեղ փնտրել:

«Ներկա պահին ամուսնուս, դստերս փեսայիս ու երկու թոռներիս հետ ապրում ենք Ստեփանակերտում: Ոչ մեկս աշխատանք չունի: Աղջիկս մանկավարժի կրթություն է ստացել, բայց աշխատատեղ չի կարողանում գտնել: Ունենք լվացքի մեքենայի և մահճակալի կարիք: Մի քանի անգամ այդ հարցով դիմել ենք ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն, սակայն դեռ պատասխան չենք ստացել»,-ասել է նա՝ հավելելով, որ օգտվել են տեղահանվածներին տրամադրվող պետական տարբեր աջակցություններից:

Ընտանիքն Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի տարածքում կառուցվող բնակավայրում, նախօրեին կայացած վիճակահանության արդյունքում 4 սենյականոց առանձնատան  շահառու է դարձել: Նոր տուն կտեղափոխվեն, երբ այն ամբողջությամբ պատրաստ կլինի:

Տիկին Շողիկն ասում է, որ նպատակ ունեն այնտեղ գյուղատնտեսությամբ զբաղվել:

  • Կիսվել: