երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՃՏՊ-ների թիվն Արցախում նախորդ տարվա համեմատ նվազել է 8-ով

ՃՏՊ-ների թիվն Արցախում նախորդ տարվա համեմատ նվազել է 8-ով

2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքներն այսօր ամփոփել են ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում։
Հիմնական զեկույցով հանդես է եկել ՃՈ պետի տեղակալ Արմեն Օհանյանը: Ճանապարհային ոստիկանության պետ, փոխգնդապետ Մավրիկ Նասիբյանն անձնակազմին տվել է մի շարք հանձնարարականներ:

2022 թվականի 1-ին կիսամյակն ինչպես ամբողջ ոստիկանության, այնպես էլ ճանապարհային ոստիկանության համար եղել է բավականին ծանր և լարված ժամանակահատված, ինչի հետևանքով շատ հաճախ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթներն իրականացվել են արտակարգ պայմաններում:

Հաշվետու ժամանակաշրջանում Արցախի Հանրապետությունում վիճակագրական հաշվառման է վերցվել զոհերով և վիրավորներով 39 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել՝ 48 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն նվազել է ինչպես պատահարների, այնպես էլ մահվան ելքով դեպքերի թիվը. (2021 թվականին` 47 պատահար, 8 զոհ և 50 վիրավոր):

Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 8-ով, զոհերի քանակը` նվազել է 7-ով, վիրավորների թիվը՝ 2-ով:
Այս մասով ճանապարհային ոստիկանության պետ փոխգնդապետ Մավրիկ Նասիբյանն անձնակազմին տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք մասնավորապես, միտված են ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանը և ճանապարհային անվտանգ երթևեկության կազմակերպմանն ուղղված միջոցառումներին:
Ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջին կիսամյակում գրանցված պատահարներից 4-ը տեղի է ունեցել ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու պատճառով, 6-ը` արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության պատճառով, 22-ը` վարորդների անուշադրության և ճանապարհային երթևեկության կանոնների այլ խախտումների պատճառով, 1-ը՝ խաչմերուկի անցման կանոնները խախտելու պատճառով, 2-ը՝ հետիոտնային անցումների հատման կանոնները վարորդի կողմից խախտելու, 1-ը՝ վազանցի կանոնները խախտելու և 3-ը՝ նշանների ու գծանշումների պահանջները խախտելու պատճառով:

Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության արդյունքների հիման վրա ճանապարհապարեկային ծառայության հիմնական ուժերն ու միջոցները կենտրոնացվել են ճանապարհների և փողոցների՝ առավել մեծ քանակությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներով և երթևեկության ինտենսիվությամբ հատվածներում:

Ընդհանուր առմամբ՝ ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանն առաջին կիսամյակի կատարած աշխատանքները գնահատել է բավարար:

  • Կիսվել: