ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Ճանապարհներն Արցախում ժամը 14:00-ի դրությամբ. հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Ճանապարհներն Արցախում ժամը 14:00-ի դրությամբ. հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ է Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 60սմ) իսկ Ստեփանակերտ-Մարտակերտ միջշրջանային ճանապարհի Ցեխ ձոր հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Դրմբոն-Մարտակերտ ճանապարհը երկկողմանի բաց է:

Ասկերանի շրջանի Այգեստան, Աստղաշեն, Բերքաձոր, Դահրավ, Խանցք, Իվանյան, Լուսաձոր համայնքների ճանապարհները բաց են (ձյան շերտը՝ 30-50սմ): Դժվարանցանելի են Դաշուշեն, Խնածախ, Խրամորթ, Մխիթարաշեն, Սարուշեն, Սառնաղբյուր համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 40-80սմ): Շրջանի Խաչմաչ, Վերին Սզնեք, Կարմիր գյուղ և Ռև համայնքների ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց (ձյան շերտը հասնում է մինչև 1մ-ի) :

Դժվարանցանելի է ինչպես Ստեփանակերտ-Շոշ-Կարմիր շուկա և Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային ճանապարհը: Փակ է Մարտունու շրջանի Աշան, Ավդուռ, Խերխան, Ծովատեղ, Կաղարծի, Կոլխոզաշեն, Հաղորտի, Հացի, Հերհեր, Մյուրիշեն, Մուշկապատ, Սպիտակաշեն, Կավահան, Մսմնա, Նոր Շեն և Պառավաթումբ համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 1-1,5մ): Եմիշճան, Հերհեր, Մյուրիշեն, Ննգի միջհամայնքային ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բոլոր ուղղություններում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ: Շուշի-Լիսագոր-Բերձոր ճանապարհը բաց է ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ-ի հետ կապող միջպետական մայրուղու Վայք-Սիսիան-Գորիս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար (երթևեկելի է միակողմանի)՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքը ևս փակ է:

Արտակարգ պատահարներից ու անցանկալի դեպքերից խուսափելու համար ՆԳ նախարարությունը հորդորում է հնարավորինս սահմանափակել երթևեկությունը և պահպանել զգոնություն:

  • Կիսվել: