Տարին լրացավ՝ որևէ լուր, թափանցիկ ինֆորմացիա չի տրվել, թե ինչ վիճակում են Բաքվում հայ գերիները. Աշոտ Ղուլյան
Այնպես չի, որ ակնկալում ենք՝ մի անգամ ակցիա անենք և բոլոր հարցերը կլուծվեն, բայց դա չի նշանակում, որ պետք է հանգիստ նստենք ու տեսնենք, թե ով երբ է կողմնորոշվում, կամ երբ է հասունանում այս հարցը: Այս մասին, այսօր COP29-ից առաջ հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Իմ խորին համոզմամբ այս իրավիճակը բոլորիս մղում է նրան, որ ամեն մի հայ, աշխարհի որ մասում էլ լինի՝ գոնե այս օրերին պետք է իր խոսքը բարձրացնի ի աջակցություն մեր բոլոր այն ռազմագերիների, արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այն առաջնորդների օգտին, որոնք այսօր գտնվում են Բաքվի բանտերում։
Այն, ինչ ձեռնարկվել է այսօր Արցախի ու Հայաստանի ՄԻՊ-երի կողմից, ցույց է տալիս, որ այս հարցը նախևառաջ հենց մարդու իրավունքների տեսանկյունից պետք է դիտարկել։ Այսօր Բաքվի բանտերում գտնվում են հայեր, որոնց հանդեպ Ադրբեջանի իշխանություններն ունեն անհիմն վերաբերմունք, ինչը թույլ է տալիս կեղծ, շինծու մեղադրանքներ առաջադրել»,- հայտարարեց Ղուլյանը:
Նրա խոսքով, կարելի է ենթադրել, որ այդ մարդկանց իրավունքները ոչ միայն այսօր այլև գերավարման պահից շատ կոպիտ ձևով ոտնահարված են ու այստեղ լրացուցիչ ապացույցներ պետք չէ։
«Այն, ինչ տեղի է ունեցել այս մեկ տարվա ընթացքում, թափանցիկ տեղեկատվություն չի եղել, թե ինչ վիճակում են, ինչպիսի խոշտանգումների են ենթարկվում: «Պետք է հանրային նախաձեռնությամբ, նաև Արցախի իշխանությունների առաջարկությամբ անպայման միացնել ՀՀ քաղաքականության ակտիվությունը և տեղից շարժել միջազգային հանրության ուշադրությունը»,-ասաց նա։