ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թանգարանների միջազգային օրվա առթիվ Արցախի թանգարաններում միջոցառումներ կկազմակերպվեն

Թանգարանների միջազգային օրվա առթիվ Արցախի թանգարաններում միջոցառումներ կկազմակերպվեն

Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը Արցախի թանգարաններում օրն արժեւորող մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի բաժնից։ Ըստ աղբյուրի` Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում «Կերեն դամբարանադաշտի պեղումների արդյունքում հայտնաբերված հնագիտական նյութերը» խորագրով ցուցադրություն կկայանա: Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանում՝ «Պահպանենք մեր ժառանգությունն ու ավանդույթները» եւ «Ազգային ուտեստ» թեմաներով դաս-դասախոսություն կկազմակերպվի, իսկ Ասկերանի պետական պատմաերկրագիտական թանգարանում՝ «Ասկերանի պատմաճարտարապետական հուշարձանները» թեմայով ցուցադրություն։

Մարտունու պետական պատմաերկրագիտական թանգարանում կկազմակերպվի «44-օրյա պատերազմի Մարտունու հերոսները» խորագրով ցուցադրություն և դաս-դասախոսություն, «Ամարասը արցախահայության դպրության բնօրրան» թեմայով դասախոսություն, Կոլխոզաշենի Մ. Պարսեղովի անվան տուն-թանգարանում կկայանա «Մեր գյուղի խաչքարերը» թեմայով ցուցադրություն, «Մեր գյուղի նահատակները» թեմայով դասախոսություն, Բերդաշենի պատմության թանգարանում՝ «Սահման դարձած իմ Բերդաշեն…» թեմայով դասախոսություն, «Գորգագործության զարգացումը Բերդաշենում» խորագրով դասախոսություն։

Ստեփանակերտի Թումանյան 95 հասցեում կկազմակերպվի Վլադիմիր Գևորգյանի «Իմ Շուշի» լուսանկարների անհատական ցուցահանդեսը, ինչպես նաև՝ Կոլաժի վարպետության դաս: Որպես միջոցառումների ամփոփում` մայիսի 21-ին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում դպրոցականների համար կկազմակերպվի «Աշխատանք կավի հետ» խորագրով վարպետաց դաս։

  • Կիսվել: