Թաղավարդում ընթացքի մեջ է պատերազմի հետևանքով վնասված բնակարանների վերանորոգումը
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում վերանորոգվում են պատերազմի հետևանքով վնասված բնակարանները:
Այս մասին «
Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թաղավարդի համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը:

«5 բնակարան լրիվությամբ վառվել է, 3-ը՝ ավերվել , որից մեկն արդեն վերականգնվել է: Իսկ 2 առանձնատան նախահաշիվները կազմվում են, որպեսզի սկսեն վերականգնման աշխատանքները: Այս պահի դրությամբ համայնքի 51 տներում շինաշխատանքներ են ընթանում: Շարունակվում են նաև առանձնատների տանիքների վերակառուցման աշխատանքները», - մեզ հետ զրույցում նշեց Օ. Հարությունյանը:
«Ղաշխաքար» ՍՊԸ֊ն՝ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ, «Ռմբակոծության հետևանքների վերացում» ծրագրի շրջանակներում վերանորոգում է համայնքի բնակարանները:

«Ներկա պահին մեր՝ նոր բացված հիմնարկը 2 տանիք արդեն հիմնովին փոխել և վերանորոգել է, իսկ երկու տներում աշխատանքերն ընթանում են: Սկսելու ենք ևս 3 տան վերականգնման շինաշխատանքները: Սերտ կապի մեջ ենք համայնքի ղեկավարի, քաղաքաշինության նախարարության մասնագետների հետ: Բոլոր աշխատանքներն իրականացվում են շինարարական նորմերին համապատասխան: Պատվիրատուն ԱՀ քաղաքաշինության նախարարությունն է, իսկ ֆինանսավորումն իրականացնում է ԱՀ կառավարությունը», - ասաց Արթուր Խաչատրյանը:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ բացի իրենց կազմակերպությունից, ևս 3 հիմնարկ է գործունեություն ծավալում Թաղավարդում։