շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թաղավարդում կարի արտադրամաս է բացվել (լուսանկարներ)

Թաղավարդում կարի արտադրամաս է բացվել (լուսանկարներ)

Նախօրեին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում բացվել է կարի արտադրամաս՝ «Սահման» հասարակական կազմակերպության աջակցությամբ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Սահման»- ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Սոսե Մուրադյանը տեղեկացրել է, որ դեռևս 2011 թվականից գործունեություն են ծավալում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում:

Նրա խոսքով՝ 2020 թվականի պատերազմից հետո, աշխատում են նաեւ Սյունիքի և Արցախի բնակավայրերում: Մասնավորապես Թաղավարդ համայնքում արդեն աջակցության 4-րդ ծրագիրն է իրականացվում։

«Սկզբնական շրջանում որոշեցինք Մարտունու շրջանի համայնքներում ծրագրեր իրականացնել , այդ թվում՝ Թաղավարդում, որտեղ բացի կարի արտադրամասից, կյանքի ենք կոչել հինգ բիզնես՝ տարբեր ոլորտներից: Ծանոթացանք տիկին Երմոնյայի հետ և որոշեցինք աջակցել, որովհետև շատ վատ պայմաններում էր աշխատում՝ տարածքը փոքր էր ու անհարմար, արտադրամասում միայն հին սարքավորումներ էին։ Գյուղն այս արտադրամասի կարիքն ունի, հատկապես պատերազմից հետո, որովհետև նկատեցինք, որ զինվորները շատ են դիմում հագուստի ձևավորման համար։ Այդ պատճառով որոշեցին ֆինանսավորել տիկին Երմոնյային և  ամբողջությամբ վերանորոգել, կահավորել ու նոր սարքավորումներով վերազինել ենք արտադրամասը»,-նշել է Ս. Մուրադյանը, և ավելացրել, որ կընդունվեն տարբեր տեսակի հագուստների պատվերներ՝  սկսած մանկականից մինչև զինվորական:

Մեզ հետ զրույցում Երմոնյա Քոչարյանն իր երախտագիտությունն ու գոհունակությունը հայտնեց։
 
«Ես հիմա շատ ուրախ ու երջանիկ եմ․ վերջապես ունեմ իմ երազած կարի արտադրամասը կսկսեմ նոր թափով աշխատել: Գյուղացիներն էլ են շատ ուրախ։ Հուսով եմ պատվերները կշատանան, ես էլ ավելի արագ ու որակյալ կիրականացնեմ»,- անկեղծացել է նա:

  • Կիսվել: