շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գորիսում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Գորիսում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Հակոբ Ստեփանյանին պատկանող հացի (մատնաքաշի) արտադրամասը (Սյունիքի մարզ, ք. Գորիս) գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այդ հանգամանքը պարզել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները նշված կազմակերպությունում իրականացրած վերահսկողության ընթացքում:

Մասնավորապես՝

– արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց խաչաձև աղտոտումը.

– արտադրամասի սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն, բացակայել են ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանը և չորացնող սարքը.

– բացակայել են նախամուտքում համազգեստի կախիչները.

– հատակը և պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից.

– խոհանոցի առաստաղն ունեցել է կեղտի կուտակման, գոլորշու խտացման, անցանկալի բորբոսների աճի և մասնիկների թափվելու հնարավորություն.

– պատուհանները չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր.

– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, աշխատանքային մակերևույթները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման.

– սննդամթերքի հետ շփվող աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության.

– սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր:

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

 

  • Կիսվել: