ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում «Վերածնունդ» խորագրով փառատոն կկազմակերպվի

Ստեփանակերտում «Վերածնունդ» խորագրով փառատոն կկազմակերպվի

Ստեփանակերտում փառատոն կկազմակերպվի, որը կկրի «Վերածնունդ» խորագիրը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է կայանալիք միջոցառման համակազմակերպիչ Արսեն Աբրահամյանը՝ ընդգծելով, որ նպատակը արցախաբնակ երիտասարդության համախմբումն է, փառատոնի մասնակիցների հետաքրքիր ժամանցի կազմակերպումը, ինչպես նաև ծանոթությունը հայկական պատմամշակութային ժառանգությանն ու ազգագրական ավանդույթներին:

«Իսկ ինչու հենց «Վերածնունդ», քանի որ մեր ժողովուրդը, ավելին քան երբևէ, համախմբվելու կարիք ունի։ Մեր հազարամյակների պատմությունը ցույց է տվել, որ հայ ազգը հաղթանակներ է տոնել, երբ պայքարի է դուրս եկել միահամուռ ուժերով և միևնույն գաղափարի համար, որն է հայկական վեհ արժեքների պահպանումը, սուրբ հայրենիքի պաշտպանությունն ու հայ մնալու ձգտումը։ Սոցիալ֊քաղաքական վերջին իրադարձություններից հետո եկել է վերածնվելու ժամանակը»,-նշել է նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ միջոցառման կազմակերպիչներն Արցախի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն են, ովքեր անտարբեր չեն իրենց հայրենիքի և ազգի ճակատագրի նկատմամբ։

«Փառատոնի ընթացքում կլինեն վճարովի տաղավարներ, հյուրասիրություններ կազմակերպիչների կողմից և ժամանցային մի շարք միջոցառումներ։ Այցելուները նաև հնարավորություն կունենան տեղում ձեռք բերելու արցախյան արտադրության տարբեր իրեր՝ իրենց փոքրիկ ներդրումն ունենալով Արցախի տնտեսության զարգացման գործում։ Այս ամենից բացի, լինելու է նաև համերգային ծրագիր՝ հայկական ազգային երգ ու պարով, ինչպես նաև բոլորիս հայտնի ժամանակակից կատարումներով»,-մանրամասնել է Ա. Աբրահամյանը՝ կոչ անելով բոլորին միանալ նախաձեռնությանը՝ ազգի միասնականության վերականգնման գործում կարևոր քայլ կատարելով։

Նշենք, որ միջոցառումը կկայանա մայիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Ստեփանակերտի «ՖորՌեստ Հաբ»-ի տարածքում։

  • Կիսվել: