շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանակերտում թեթև կոնստրուկցիաներով կառուցված հերթական առանձնատունն է հանձնվել շահագործման

Ստեփանակերտում թեթև կոնստրուկցիաներով կառուցված հերթական առանձնատունն է հանձնվել շահագործման

Ստեփանակերտում Արցախի Հանրապետության կառավարության հատկացրած միջոցներով հերթական առանձնատունն է կառուցվել թեթև կոնստրուկցիաներով և հանձնվել շահագործման:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Տարմա» ՍՊ-ի տնօրեն Տաթևիկ Օդաբաշյանը ասել է, որ Ստեփանակերտի Ա․ Շահինյան 8 հասցեում 3 սենյականոց արագ հավաքվող կոնստրուկցիաներով առանձնատունը կառուցվել է ԱՀ քաղաքաշինության նախարարության պատվերով։ Առանձնատունը կառուցվել է մեկ ամսվա ընթացքում՝ պատերազմում նահատակված զինծառայողի ընտանիքի համար:

«Առանձնատների պատերը պանելային են՝ 100 միլիմետր հաստությամբ։ Պանելները 84 միլիմետրանոց պենպլաստե շերտեր են՝ երկու կողմից պատված հրակայուն ֆիբրոցեմենտային շերտով, որոնք հավաքվում են մետաղական կոնստրուկցիաների վրա։ Երկշերտ տանիքն էլ ապահովում է կայուն ջերմամեկուսացում»,-մանրամասնել է Տ. Օդաբաշյանը՝մանրամասնելով, որ առանձնատան կահավորումն ու ջեռուցման համակարգի տեղադրումը ևս կիրականացվի ԱՀ կառավարության հատկացրած միջոցներով:

Մեր զրուցակցի տեղեկատվությամբ՝ մինչև տարեվերջ ընկերությունը նախատեսում է ավարտին հասցնել թեթև կոնստրուկցիաներով կառուցվող ևս 3 առանձնատան շինարարությունը: Տների շահառուները զոհված զինծառայողների ընտանքներն են ու տեղահանվածներ:

  • Կիսվել: