Ստեփանակերտում տեղի կունենա Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությունը
ԱՀ պետական բյուջեի միջոցներով Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարծքում գտնվող հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա ֆրանսահայ նշանավոր երգչի, շանսոնյեի, երգահանի, բանաստեղծի, գրողի, կինոդերասանի և հասարակական գործչի կիսանդրու բացման արարողությունը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցառումների կազմակերպման և կապերի բաժնի պետ Արուս Գասպարյանը:
Նրա խոսքով՝ կիսանդրու բացման օրը կլրանա Շառլ Ազնավուրի ծննդյան 97֊ամյակը:
«Քանի որ մինչ այժմ չկար Շառլ Ազնավուրի կիսանդրին, այդ իսկ պատճառով նախաձեռնել ենք, հենց նրա ծննդյան օրը յուրահատուկ իրողություն դարձնել: Քանդակի հեղինակը արցախցի արվեստագետ Յուրի Հովհաննիսյանն է:
Շառլ Ազնավուրը հայ ժողովրդի հպարտությունն է, ով տարիներ շարունակ օգնել ու աջակցել է իր ազգին»,- ավելացրել է Ա. Գասպարյանը: Շառլ Ազնավուրը (իրական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում, մահացել՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը:
Իր երաժշտական կարիերայի ընթացքում նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն ՝ և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։