ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՀ-ում կայացած մրցույթ-փառատոնի արցախցի մասնակիցների գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը

Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՀ-ում կայացած մրցույթ-փառատոնի արցախցի մասնակիցների գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը

Նախօրեին՝ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի է ունեցել Վաղարշապատի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնի արցախցի մասնակիցների գալա-համերգը և մրցանակաբաշխության արարողությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան մրցույթ-փառատոնի համահիմնադիր, գեղարվեստական ղեկավար Արտյոմ Հարությունյանը նախ նշեց, որ Էջմիածին քաղաքում անցկացվող մրցույթ-փառատոնը հիմնադրվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով բացահայտել Հայաստանում գործող երաժշտական հաստատությունների տաղանդավոր պատանիներին և նպաստել նրանց մասնագիտական աճին:

«Առաջին անգամ մրցույթ-փառատոնն անցկացվել է մարզային մասշտաբով, երկրորդին մասնակցում էին Հայաստանի երաժշտական արվեստի դպրոցները, իսկ երրորդը մեր ձերքբերումն է, քանի որ փառատոնին մասնակցում էին Արցախի հինգ երաժշտական ուսումնական հաստատություններ: Ապրիլին այստեղ անցկացրել ենք նախընտրական փուլ, որի 40-ից ավելի տաղանդավոր պատանի կատարողներից ընտրեցինք մոտ 20-ին։ Նրանցից գրեթե բոլորը մրցանակային տեղերով վերադարձան: Մրցույթի ավելի քան 1500 մասնակցից ամենաբարձր՝ «Grand prize» մրցանակին արժանացել է 34-ը, այդ թվում՝ 4-ն Արցախից»,- ասել է մեր զրուցակիցը, և ավելացրել, որ փառատոնը ևս մեկ անգամ ապացուցեց, որ արցախցու կամքն ուժեղ է և անկոտրում:

Գալա-համերգն ամփոփվել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան մրցույթ-փառատոնում մրցանակային տեղեր զբաղեցրած արցախցի մասնակիցները պարգևատրվել են համապատասխան դիպլոմներով:

  • Կիսվել: