կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ստեփանակերտում նռնակը պայթեցնելու եղանակով սպանության փորձի համար կա մեղադրյալ

Ստեփանակերտում նռնակը պայթեցնելու եղանակով սպանության փորձի համար կա մեղադրյալ

2022թ. փետրվարի 18-ին Ստեփանակերտ քաղաքում նռնակը պայթեցնելու եղանակով սպանության փորձի ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 21.02.22թ. ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից որոշում է կայացվել Գ.Պ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 33/103-րդ հոդվածի 2-րդմասի 6-րդ կետով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման համար:

Արցախի դատախազությունից  հայտնում են, որ նույն օրը քննիչի կողմից ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն, որը դատարանի կողմից բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2022թ. փետրվարի 18-ին, ժամը 21:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բեկզադյան փողոցի նրբանցք թիվ 12 տանը անձնական անբարյացակամ հարաբերությունների հողի վրա վիճաբանություն է առաջացել նույն տան բնակիչ Գ. Պ.-ի և Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի բնակիչ Յու. Ս.-ի միջև: Գ.Պ-ն իր մոտ ապօրինի պահվող «F1», «M-75» և «РГД-5» նռնակներից «РГД-5» տեսակի նռնակը մարտական վիճակի է բերել, դիտավորությամբ վերջինիս կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով, վտանգի ենթարկելով վիճաբանությունը դադարեցնելու համար միջամտած երկու այլ անձանց կյանքը, և նետել է Յու. Ս.-ի ոտքերի տակ՝ առաջացնելով պայթյուն, սակայն վերջիններիս կողմից հարակից սենյակներում թաքնվելու հետևանքով հանցագործությունը ավարտին չի հասցվել:

  • Կիսվել: