ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում կայացել է ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի հուշ երեկոն և մոնո ներկայացում

Ստեփանակերտում կայացել է ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի հուշ երեկոն և մոնո ներկայացում

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում նախօրեին կայացել է ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի 85-ամյա տարելիցին նվիրված հուշ -երեկոն և նրա տիկնոջ՝ Լիանա Անթառանյանի մոնո ներկայացումը։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Լիանա Անթառանյանը ներկայացրել է հեղինակային՝ «Ես և նա» սիրային դրաման:

Ներկայացումից հետո դերասանուհին պատմեց, որ տարիներ առաջ, մասնակցելով Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 80-ամյակին, ՀՀ ժողովրդական արտիստ, երջանկահիշատակ Կարեն Ջանիբեկյանը ցանկություն էր հայտնել ներկայացումներով հանդես գալ Արցախում, որը նրան չհաջողվեց կյանքի կոչել:

«Շուրջ 10 տարի անց ես փորձեցի իրականացնել նրա երազանքը: Տարին մեզ համար նաև հոբելյանական է՝ լրացել է Վարպետի 85-ամյակը: Այս տարվա մեր հյուրախաղերը նվիրված են լինելու Կարեն Ջանիբեկյանի հիշատակին: Ես ամեն ինչ արեցի, որպեսզի առաջին ներկայացումը տեղի ունենա Արցախում: Համոզված եմ, որ Վարպետի շունչն ու ոգին այստեղ է: Արցախն ու արցախցիներն իմ ակունքն են, անբաժան մասնիկը »,-ասել է դերասանուհին՝ հայտնելով, որ անձամբ նույնպես սերում է արցախյան հին տոհմից:

  • Կիսվել: