Ստեփանակերտում կայացել է «Արցախասեր» գրքի շնորհանդեսը
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ԱՀ Գրողների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի է ունեցել բանասիրական գիտությունների թեկնածու Զարինե Սառաջյանի «Արցախասեր» գրքի շնորհանդեսը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը մեկնարկեց բուհի` 44-օրյա պատերազմում զոհված ուսանողների հիշատակը խնկարկելով. այնուհետև բացման խոսքով հանդես եկավ ռեկտոր Վարդան Հակոբյանը:





Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ Սոկրատ Խանյանի խոսքով՝ «Արցախասեր»-ը ոչ միայն հեղինակի, այլև բոլորիս հոգու թրթիռն է, իսկ բանաստեղծություններն արտացոլում են մեր ժողովրդական պոեզիայի երանգները:
«Հեղինակն իր բանաստեղծություններում գալիս է ժողովրդի ծոցից:
Նա հանգամանալից ընթերցել է այսօրվա բարդ իրավիճակում գտնվող մեր ժողովրդի երազանքը, այն ծանր շերտերը, որոնք մեզնից յուրաքանչյուրն ունի, ու ինչպես հատուկ է մաշտոցյան գրերով ստեղծված ամբողջական գրականությանը, նա հավատում է իր ժողովրդի ապագային»,-ընդգծել է Ս. Խանյանը:

Գնահատանքի խոսքով հանդես է եկել նաև Արցախի պետական համալսարանի Գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Նոնա Դավթյանը՝ նշելով, որ գիրքը հեղինակի` հայրենի բնաշխարհի` Արցախի հանդեպ հայրենասիրությամբ ափեափ լցված սիրո դրսևորումն է:
Ելույթներով հանդես են եկել նաև Գրիգոր նարեկացի համալսարանի Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Ամալյա Գրիգորյանը, գրողներ Հերմինե Ավագյանը, Անահիտ Գաբրիելյանը, բանաստեղծ Արիս Արսենին:



