չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ստեփանակերտում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ է կազմակերպվել

Ստեփանակերտում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ է կազմակերպվել

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում կազմակերպվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ։

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ինտելեկտուալ խաղ-մրցույթը կազմակերպվել էր Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Անահիտ Միրզոյանի նախաձեռնությամբ։

Միջոցառման սկզբում ներկաները հարգեցին Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված քաջորդիների սուրբ հիշատակը։

«Ինտելեկտուալ խաղ-մրցույթին ընդգրկել ենք ԱրՊՀ ուսանողներին։ Նպատակ ենք ունեցել նրանց շեղել այս ծանր իրավիճակից, նրանց ուշադրությունը սևեռել դեպի գիրքն ու ինտելեկտուալ աշխարհը։ Հարցերը տարաբնույթ էին՝ գրականությունից, կինոյից, երաժշտությունից, սպորտից, մաթեմատիկայից։ Հաղթող թիմի անդամներին, որպես խրախուսանք, նվիրել ենք Մուրադ Պետրոսյանի, Ալեքսանդր Սոլժենիցինի և Լևոն Ադյանի գրքերից»,- նշեց Ա. Միրզոյանը։

Հաղթող թիմի անդամ Արմինե Բաղդասարյանի խոսքով՝ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ստուգելու ունեցած գիտելիքներն ու ամրապնդելու դրանք։

«Շնորհակալություն եմ հայտնում Ստեփանակերտի քաղաքային գրադարանին այս հետաքրքիր խաղը կազմակերպելու համար։ Ինձ համար ինտելեկտուալ խաղերը միշտ առաջնային դեր են ունեցել։ Միշտ խաղից առաջ մտածում եմ՝ ինչ հարցեր կլինեն, ովքեր ընդգրկված կլինեն թիմում ,արդյո՞ք կկարողանամ ճիշտ պատասխանել հարցերին։ Այսօրվա խաղից ունեմ մեծ տպավորություններ. շատ գոհ եմ, քանի որ մեր թիմը կարողացավ համախմբված խաղալ և հաղթանակ գրանցել։ Նմանատիպ մրցույթները միշտ էլ խրախուսելի են»,- ընդգծել է Ա. Բաղդասարյանը։

  • Կիսվել: