չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ստեփանակերտում հիշատակի միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում հիշատակի միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ մայիսի 20-ին, մայրաքաղաքի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում ուսուցչուհի Անգելինա Եղյազարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում` նվիրված դպրոցի` 44-օրյա պատերազմում նահատակված շրջանավարտ Կարեն Բեգլարյանի հիշատակին։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ա. Եղիազարյանը նշեց, որ ուսուցիչները կիսում են հերոսի մոր` իրենց գործընկերուհու վիշտը։

«Առաջարկեցինք Կարենի անունով դասարան անվանակոչել։ Առաջարկն ընդունվեց միաձայն։ Եվ դա նվազագույնն է, որ մենք` ապրողներս, կարող ենք անել նրա` ոչնչով չչափվող նվիրմանն ի պատասխան»,- ասել է Ա. Եղյազարյանը։

Կարեն Բեգլարյանի կնոջ` Անգելինա Առստամյանի խոսքով` գալիք սերունդներն առաջին հերթին պետք է սիրեն մեկը մյուսին, քանի որ բոլոր հաղթանակների հիմքը սերն է։

«Կարծում եմ, որ դպրոցներում այսպիսի միջոցառումների կազմակերպումը պետք է ավանդույթ դառնա, որպեսզի գալիք սերունդները ևս դաստիարակվեն այն հայրենասիրական ոգով, որը ինձ և Կարենին տվել են մեր հայրերը»,-նշել է հերոսի այրին։

«Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Կարմեն Ասլանյանը մեզ հետ զրույցում ընդգծեց` չնայած պատերազմում ունեցած պարտությանը` արցախցին շարունակում է ապրել ու արարել։

«Ես Կարենին անձամբ չեմ ճանաչել, բայց այսօր կարող եմ վստահաբար ասել, որ նա այն նվիրյալներից է, ում շնորհիվ մենք այսօր ապրում ու արարում ենք մեր հայրենիքում։ Շնորհակալություն եմ հայտնում Կարենին, նրա նման տղաներին ու նրանց առյուծածին մայրերին. նրանք դաստիարակել են այնպիսի զավակներ, ովքեր առաջնահերթություն են համարել հայրենիքը և իրենց կյանքն են նվիրել` որպես մեծ պատգամ»,- նշել է Կ․ Ասլանյանը։

Հուշ-ցերեկույթի ընթացքում աշակերտները հանդես են եկել հայրենասիրական կատարումներով։

  • Կիսվել: