հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ստեփանակերտում հայոց բանակի սպաներին նվիրված բարեգործական համերգ է կազմակերպվել

Ստեփանակերտում հայոց բանակի սպաներին նվիրված բարեգործական համերգ է կազմակերպվել

Նախօրեին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է «Սպայի կողքին» խորագրով միջոցառում` նվիրված հայոց բանակի սպաներին:

Այն կազմակերպվել է ՊԲ սպա Դենիս Դյաչենկոյի և տիկնոջ` Էլինար Պողոսյանի նախաձեռնությամբ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ` միջոցառումը մեկնարկել է ԱՀ օրհներգով, որից հետո ներկաները հարգանի տուրք են մատուցել հայոց բանակի զոհված հերոսների հիշատակին: Համերգային ծրագրում ընդգրկված էին միմիայն հայրենասիրական կատարումներ:

Կազմակերպիչներից Նանար Պողոսյանը ելույթի իր խոսքում նշեց` որոշեցին կազմակերպել այնպիսի միջոցառում, որ ներկա գտնվել կարողանան բոլորը` առանց տարիքային սահմանափակման։ «Ուզում եմ խոնարհվել հայոց բանակի առջև, ազգիս առջև։ ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ Արցախը հող չէ, Արցախը հայրենիք է , որ օծված է հերոս զավակների, սրբասուրբ նահատակների արյամբ, հրամայող արյամբ»,-ասել է Ն. Պողոսյանը: Էլինար Պողոսյանի խոսքով` հայոց բանակի զինծառայողների հանդեպ պետք է ավելի շատ սեր և հոգատարություն ցուցաբերել, քանի որ նրանց նվիրումը ոչնչով չափվել չի կարող:

Միջոցառմանը ԱՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի կողմից համերգային ծրագրի կազմակերպիչներին շնորհակալագրեր են հանձնվել։

  • Կիսվել: