ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Ստեփանակերտում հանդիսատեսի դատին է ներկայացվել «Լոռեցի Սաքոն» ներկայացումը

Ստեփանակերտում հանդիսատեսի դատին է ներկայացվել «Լոռեցի Սաքոն» ներկայացումը

«Genesis Armenia» ուղեղային կենտրոնի «Արցախն ապրում է»  նախագծի շրջանակում այսօր` մայիսի 22-ին, Ստեփանակերտի  մշակույթի և երիտասարդության պալատում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի կողմից  ցուցադրվել է օրվա երկրորդ` «Լոռեցի Սաքոն»  ներկայացումը:  

 Գլխավոր դերակատար  Արման Նավասարդյանն «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում իրեն  բնույթով արցախցի համարեց։«Արցախի հանդիսատեսը միշտ առանձնացել է իր յուրահատուկ բնավորությամբ: Սոս Սարգսյանը մեզ միշտ ասում էր, որ արցախցին հայ ազգի սերուցքն է, և այդպես ենք մենք դաստիարակվել: Պատերազմից անմիջապես հետո եկանք Արցախ՝ բեմադրության, բայց չէինք պատկերացնում, որ կունենանք այսպիսի ջերմ  հանդիսատես: Իմաստ չէինք տեսնում Երևանյան բեմերում խաղալու, և այստեղ գտանք իմաստը՝ ում համար և ինչու ես բեմ բարձրանում», -նշեց Ա. Նավասարդյանը: 
Դերասանուհի Ալլա Սահակյանի խոսքով այն ամենն,  ինչ կազմակերպվում է այսչափ  բարձր մակարդակով, ժողովրդի հայրենասիրական ոգին  բարձր պահելու, Մշակութային դաշտը ակտիվացնելու համար է։ «Անձամբ ես մեծ ոգևորությամբ եմ գալիս Արցախ,  քանի որ ասելիք և տալու բան ունեմ Արցախի ժողովրդին: Տպավորություններս բուռն են։ Ունենում ենք հագեցած օր, և որ ամենակարևորն է,  մեր առաքելությունը կատարում ենք սիրով», - նշել է Ա. Սահակյանը:
 

  • Կիսվել: