երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ստեփանակերտում Հադրութի և 1-ին Պաշտպանական շրջանի օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում Հադրութի և 1-ին Պաշտպանական շրջանի օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ օգոստոսի 26-ին, Հադրութի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակի հարակից տարածքում կազմակերպվել է հուշ-երեկո՝ նվիրված Հադրութ քաղաքի և 1-ին Պաշտպանական շրջանի կազմավորման օրվան:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված հերոսների անմար հիշատակը։

Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի խոսքով՝ 1992 թվականի օգոստոսին ադրբեջանական մեծաթիվ ուժերը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեցին Հադրութ քաղաքի ուղղությամբ՝ կիրառելով հրետանային միջոցներ:

«Այդ ժամանակ հայ մարտիկները կարողացան զսպել թշնամու առաջխաղացումը և հետ շպրտել նրանց ու հրադադար պարտադրեցին: Մեր հերոսները ծնկի չեկան, այլ կարողացան անառիկ պահել Արցախի հարավային դարպասը։ Մենք կշարունակենք նշել Հադրութ քաղաքի օրը, ինչը խորհրդանիշ կհանդիսանա առ այն, որ մենք չենք մոռանում մեր հայրենիքը, հաղթանակները և անպայման վերադառնալու ենք ծննդավայր»,-նշել է նա։

Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Արթուր Մինասյանը միջոցառումը նաև հերոսական դրվագները վերհիշելու առիթ է համարել։

«Մենք կորցրինք Հադրութը, բազում քաջորդիների,սակայն շարունակում ենք նշել այս օրը, քանի որ այն խիստ անհրաժեշտ է մեզ՝ դասեր առնելու լրջագույն սխալներից»,- հավելել է Ա. Մինասյանը։

Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր «Հադրութի արվեստի դպրոցի» և Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների նկարչական և ձեռքի աշխատանքների ցուցահանդես։

Հադրութի ՄՊՍԿ-ի տնօրեն Իրա Թամրազյանը մեզ հետ զրույցում կարևորել է միջոցառումը՝ փաստելով, որ այդ կերպ փորձել են ներկայացնել ու կենդանի պահել Հադրութի շունչը:

Հուշ-երեկոն ուղեկցվել է արցախյան կոլորիտային երգերով ու պարերով` Հադրութի մանկապատանեկան մշակութային կրթօջախների սաների կատարմամբ։

Միջոցառմանը ներկա էին նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք։

  • Կիսվել: