Ստեփանակերտում դիմավորել են աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Առուշանյանին և աշխարհի առաջնության արցախցի մեդալակիրներին
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Ստեփանակերտի օղակաձև զբոսայգում դիմավորել են Կրակովում կայացած պատանիների, երիտասարդների և մեծահասակների կիոկուշին կարատեի KWF աշխարհի առաջնության արցախցի չեմպիոնին և մեդալակիրներին:
Առաջնությանը մասնակցել են Արտյոմ Մնացականյանը, Արեն Կարապետյանը և Արամ Միքայելյանը` մարզիչ Արթուր Առուշանյանի գլխավորությամբ, ՀՀ կիոկուշին կարատեի հավաքականի կազմում:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մարզիկներին դիմավորելու էին եկել ԱՀ ԿԳՄՍ նախարարը, նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը, սպորտի բնագավառի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատները, համաքաղաքացիներ։

Արթուր Առուշանյանը հաղթել է 70 կգ քաշային կարգի բոլոր գոտեմարտերում և դարձել աշխարհի քառակի չեմպիոն:

«Միանշանակ, չեմպիոնի տիտղոսը պաշտպանելը ավելի դժվար է։ Հատկապես հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը` մենք՝ մարզիկներս, մեզ պարտավորված ենք զգում և ուզում ենք միայն հաղթանակներով հայրենիք վերադառնալ։ Մեր հաղթանակները ուզում ենք նվիրել մեր քաջ տղաներին, ովքեր հայրենիքի պաշտպանության համար զոհեցին իրենց կյանքը», - նշեց Ա. Առուշանյանը և հավելեց, որ պարգևատրվել է Աշխարհի առաջնության լավագույն մարզիկի գավաթով:
Արտյոմ Մնացականյանը 75 կգ քաշային կարգում դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
«Ունեցել եմ 3 մենամարտ։ Երկու մարզիկները եղել են Բուլղարիայից, իսկ երրորդն Ուկրաինայի ներկայացուցիչ էր: Առաջնությունը բավականին դժվար էր և վնասվածքներիս պատճառով գրավեցի երկրորդ տեղը», - ասաց Ա. Մնացականյանը:
17-ամյա Արեն Կարապետյանը 60 կգ քաշային կարգում դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր:
«Ունեցել եմ 3 մենամարտ: Առաջին և երկրորդ մենամարտում հաղթել եմ, իսկ երրորդում պարտվել Ղազախստանի մարզիկին։ Շարունակելու եմ մարզվել, քանի որ միայն քրտնաջան պարապմուքների արդյունքում է հնարավոր հասնել ցանկալի արդյունքի՝ բարձր պահելով Արցախի պատիվը», - ասաց Ա. Կարապետյանը:



