ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդես

Ստեփանակերտում բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդես

Այսօր՝ հունիսի 28-ին, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ՝ «Ապրելու ձայնը» գրական-մշակութային ծրագրի շրջանակում Ստեփանակերտի պատկերասրահում տեղի է ունեցել արցախցի երիտասարդ քանդակագործներ Մուշեղ Մուսայելյանի և Գոռ Իսրայելյանի աշխատանքների ցուցահանդեսը։

Երիտասարդ քանդակագործներն իրենց ցուցահանդեսն անվանել են «Հետադարձ հայացք»։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանն ասել է, որ «Ապրելու ձայն»-ը նպատակ ունի ներկայացնելու Արցախում ապրող շնորհալի երիտասարդ գրողներին, արվեստագետներին։

«Որոշեցինք առաջին անգամ ներկայացնել երիտասարդների աշխատանքները։ Ցուցահանդեսը նրանց կողմից մի հետադարձ հայացք է իրենց աշխատանքներին»,-նշեց Հ. Ավագյանը։

Քանդակագործ Մուշեղ Մուսայելյանը մեզ հետ զրույցում նշել է, որ արվեստագետի ջիղը ժառանգել է հորից։

«Վաղ տարիքից քանդակագործությամբ էի զբաղվում։ Զինվորական ծառայությունից հետո ընդունվեցի Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան և փորձեցի հասկանալ՝ ինչ է քանդակը, և սկսեցի իմ մեջ զարգացնել արվեստի այդ ճյուղը»,- ասել է երիտասարդ քանդակագործը։

Գոռ Իսրայելյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր ստեղծագործողի համար ցուցահանդեսը մեծ նշանակություն ունի։

«Փոքր տարիքից մորական պապիկիս հետ սկսել եմ փայտի վրա փորագրություններ անել։ Առաջին քանդակս Սասունցի Դավթի  ձիու արձանն էր, առանց Դավթի։ Ստեղծագործելու համար հատուկ թեմատիկա չունեմ, պահն է թելադրում, թե ինչ եմ քանդակում»,-ընդգծել է Գ. Իսրայելյանը։

ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանն իր խոսքում նշեց՝ իրական արվեստի բացահայտման ճանապարհն անհուն է։

«Այստեղ յուրաքանչյուր քանդակ ինչ-որ արժեք է լեգիտիմացնում, և յուրաքանչյուրը մի էքսպրեսիա է։ Մշակույթը մեզ օգնում է հեռու մնալ պայմանական արժեքներից, ու Համազգայինի կազմակերպած «Ապրելու ձայնը» ուրվագծում է ապագան»,-ասաց Լ. Ղարախանյանը։ Քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի խոսքով՝ ներկայացված աշխատանքներում առկա են շնորհի հատիկներ,իսկ ցուցահանդեսը երիտասարդ քանդակագործների համար խոստումնալից սկիզբ է։

Ցուցահանդեսը, որին ներկայացված է ընդհանուր առմամբ 24 աշխատանք, կտևի մոտ երկու շաբաթ։

 

  • Կիսվել: