հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ստեփանակերտում ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար է կազմակերպվել

Ստեփանակերտում ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար է կազմակերպվել

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ստեփանակերտի Յուրի Պողոսյանի անվան համար 6 դպրոցի մարզադահլիճում կազմակերպվել է հայր և որդի Մուրադյանների հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 16-րդ հուշամրցաշարը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցաշարին մասնակցում էին Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, Ճարտարը, Մարտակերտը, Հադրութը, Վանաձորը, Գորիսը ներկայացնող թիմերի՝ շուրջ 150 մարզիկ:

Մինչ հուշամրցաշարի մեկնարկը՝ մասնակիցները լռության րոպեով հարգել են Արցախյան պատերազմներում նահատակվածների հիշատակը:

Կայքի հետ զրույցում մարզիչ Արմեն Մուրադյանն ասել է, որ հուշամրցաշարը առաջին հերթին նվիրված է զոհված ըմբիշների հիշատակին:

«Տարեցտարի ավելանում է ըմբշամարտով հետաքրքրվող մարզիկների թիվը: Ըմբշամարտի խմբակներ կան Հանրապետության բոլոր շրջաններում: Այս տարի մենք առաջին անգամ ունեցանք դեռահասների Եվրոպայի արծաթե մեդալակիր: Արցախի ըմբշամարտի հավաքական թիմը պատրաստվում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 9-11-ը մասնակցել Լեհաստանում կայանալիք միջազգային մրցաշարին՝ եվրոպական 30 պետությունները ներկայացնող մարզիկների միջև: Տարեկան մոտ հինգ անգամ ՀՀ սահմաններից դուրս անց ենք կացնում ուսումնամարզական հավաքներ, և մոտ 10 անգամ էլ մասնակցում ենք միջզգային մրցաշարերի»,- տեղեկացրել է Ա. Մուրադյանը: Հուշամրցաշարը տևելու է երկու օր:

Արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 27-ին:

Հաղթող մարզիկներն ու մարզիչները կստանան դրամական պարգևներ ու արժեքավոր նվերներ:

Հուշամրցաշարին ներկա էր Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

 

  • Կիսվել: