Ստեփանակերտում Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակին նվիրված միջոցառում է կազմակերպվել
Օգոստոսի 24-ը Արցախի հերոս, Արցախյան ազատամարտում հերոսացած հրամանատար, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակի օրն է:
Բեկորն անմահացել է 1992 թվականի օգոստոսի 24-ին՝ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտերում:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր՝ Արցախի հերոսի նահատակության 30-րդ տարելիցի կապակցությամբ, Ստեփանակերտում հիշատակի միջոցառում է կազմակերպվել:
Բեկորի ընտանիքի անդամները, հարազատները, մարտական ընկերները նախ ծաղիկներ են խոնարհել նրա հուշարձանի պատվանդանին:
Այնուհետև Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական դպրոցի աշակերտները հանդես են եկել հայրենասիրական ստեղծագործությունների կատարումներով: Տեղի է ունեցել նաև դպրոցական «Արծվիկներ» խմբի երդման արարողությունը:
Կրթօջախի Հայոց լեզվի և գրականության ուսուչուհի Ռուզաննա Բեգլարյանը հավաստիացնում է՝ աշակերտներին կրթում ու դաստիարակում են լեգենդար հերոսի վեհ գաղափարներով:
«Ամեն տարի դպրոցի աշակերտները հարգանքի տուրք են մատուցում Բեկորին նվիրված հուշարձանի պատվանդանին: Մենք գիտակցում ենք, որ դա մեր պարտքն է, և փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի մեր սաները մեծանան հերոսի ոգով»,-հավելել է ուսուցչուհին: