Ստեփանակերտում անցկացվել է Արցախի զարգացման առաջին ռազմավարական նիստը. Վարդանյան
Վերջերս Ստեփանակերտում անցկացրինք Արցախի զարգացման առաջին ռազմավարական նիստը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը:
«Մե՛նք ենք մեր սարերը» Տարածքային զարգացման գործակալության միջոցառմանը մասնակցեցին աշխարհի տարբեր ծայրերում իրենց գործում մեծ հաջողությունների հասած հայեր՝ Արցախից, Հայաստանից և Սփյուռքից։
Նիստի նպատակն էր քննարկումների միջոցով ուրվագծել Արցախի համար ռազմավարական՝ անվտանգություն, ժողովրդագրություն, կրթություն, տնտեսություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն և ազգային ինքնության ոլորտների առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները:
Նիստն անցկացվել է Արցախի կառավարության աջակցությամբ և յուրաքանչյուր բնագավառում արցախցի փորձագետների ակտիվ մասնակցությամբ։
Շատ ուրախ եմ, որ հնարավոր եղավ որպես մոդերատոր ներգրավել արցախցի երիտասարդներին. նրանք հիանալի աշխատանք կատարեցին։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին իրենց կարևոր ներդրումը ունենալու համար։ Ստացված բոլոր արդյունքները կկազմեն մեր առաջիկա գործողությունների ծրագրի հիմքը»,-նշել է նա: