հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստեփանակերտում անց է կացվել հրաձգության առաջնություն

Ստեփանակերտում անց է կացվել հրաձգության առաջնություն

Այսօր՝ մայիսի 13-ին, ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի սպորտի վարչության ղեկավարությամբ Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցի հրաձգարանում անց է կացվել հրաձգության առաջնություն:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գլխավոր մրցավար Սվետլաննա Ֆիրյանն ասել է, որ նախաձեռնության նպատակը ֆիզիկապես կոփված երիտասարդներ դաստիարակելն է:

«Առաջնությանը մասնակցում են Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները: Մեր գերխնդիրն է նրանց շրջանում ֆիզիկական պատրաստվածության բարելավումը, առողջ կենսակերպի արմատավորումն ու զանգվածային մարզական միջոցառումներում բարձր դասարանների աշակերտների ներգրավումը: Մրցույթն անց է կացվել հենված դրությունից օդամղիչ հրացանով, թիրախի հեռավորությունը` 10մ՝ երեք փորձնական և հինգ հաշվարկային կրակոցներով՝ հիմք ընդունելով հրաձգության միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը: Յուրաքանչյուր թիմից մասնակցել է հինգ տղա և հինգ աղջիկ»,-նշել է գլխավոր մրցավարը:

Մարտակերտի թիմը ներկայացնող Վահան Շեկյանը նշել է, որ դպրոցում «ՆԶՊ» առարկայից ձեռք բերած գիտելիքները կարողացել են կիրառել մրցույթի ժամանակ և մրցանակային տեղ գրավել։ Ըստ ամփոփված արդյունքների՝ մրցանակային առաջին տեղն է գրավել Ստեփանակերտի, երկրորդ տեղ՝ Հադրութի, իսկ երրորդ տեղ՝ Մարտակերտի թիմերը:

Մասնակիցներն արժանացել են պատվոգրերի, մեդալների ու ստացել դրամական պարգևներ:

 

  • Կիսվել: