ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում ամփոփվել են «Հայրենիք» խաղ-մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում ամփոփվել են «Հայրենիք» խաղ-մրցույթի արդյունքները

Այսօր՝ մայիսի 5-ին, ամփոփվել են Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատի կողմից ապրիլի 21-ից հայրենագիտական գիտելիքների ամրապնդման նպատակով մեկնարկած «Հայրենիք» խորագիրը կրող խաղ-մրցույթի արդյունքները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցույթին մասնակցում էին տասնմեկ թիմեր, որոնցից եզրափակիչ փուլ են անցել առաջնախաղում առավելագույն միավորներ հավաքած հինգ՝ «Վարարակն», «Գանձասար», «Փյունիկ», «Արցախ», «Պատանի արցախցիներ» թիմերը:

Եզրափակիչ փուլում ցուցաբերելով ակտիվ և մտածված խաղ՝ մրցույթում պատվավոր 1-ին հորիզոնականին է արժանացել ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը ներկայացնող «Վարարակն» թիմը և արժանացել ոսկե գավաթի, 2-րդ հորիզոնականը նվաճեց Վ. Մեհրաբյանի անվան համար 12 հիմնական դպրոցի «Պատանի արցախցիներ», իսկ 3-րդ տեղը՝ Հ. Բալասանյանի անվան համար 5 հիմնական դպրոցի «Գանձասար» թիմերը:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, աշակերտների հետ առնչվելով, ավելի ու ավելի է համոզվում, որ Արցախը վառ անհատականությունների պակաս երբևիցե չի ունենա:

«Պատմության բոլոր քառուղիներում ճակատագրի բերմամբ հայերիս բախտ է վիճակվել գոյատևել պատերազմներով, ունենալ ծովից ծով ձգվող պետականություն: Թեպետ ունեցել ենք բազում կորուստներ, սակայն կարողացել ենք վեր հառնել և հասնել մեր այսօրվան: Եվ այն ազգը, որն ունի գիր ու գրականություն, հոգևոր մշակույթ, նա երբևիցե չի կորչի, այն ազգը, որը պատերազմ է գնում «Առավոտ լուսո» երգելով ու քոչարի պարելով, կգոյատևի հավերժ»,-ասել է նախարարը՝ աշակերտներին մաղթելով նորանոր հաղթանակներ:

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի տնօրեն Զինա Գասյանը հիացմունք է հայտնել թիմերի շրջանում տիրող խանդավառությունից ու ակտիվությունից:

«Սիրով շնորհավորում եմ բոլոր թիմերին` գրանցած արդյունքների կապակցությամբ։ Անկեղծորեն պիտի նշեմ, որ այսօրվա պայմաններում շատ կարևոր է հայրենասիրական դաստիարակությունը, և ինչքան մենք լավ ճանաչենք մեր հայրենիքը, այնքան ամուր կանգնած կլինենք այդ հողի վրա, այնքան ամուր ամրագրած կլինենք մեր իրավունքը՝ մեր երկիրը տնօրինելու առումով: Եվ հույսով եմ, որ այս խաղ-մրցույթը կլինի այն առաջին նշույլը, որը հնարավորություն կտա ավելի խորը ուսումնասիրելու Արցախի պատմությունը և միջազգային հարթակներում ներկայացնելու այն ամենը, ինչն անհրաժեշտ է հասցնել այդ ատյաններին: Մենք պատմական ազգ ենք և կերտել ենք մեր ուղին մեր երկրում»,-ընդգծել է Զ. Գասյանը:

Հաղթող «Վարարական» թիմի ավագ Մարիամ Հարությունյանի խոսքով՝ հաղթանակ նվաճելը շատ դժվար էր, սակայն կարողացան ճիշտ կողմնորոշվել յուրաքանչյուր հարցի պատասխանելիս և գրանցել ցանկալի արդյունք:

«Մրցույթը շատ կարևոր էր, քանի որ ծանոթացանք մեր այս փոքրիկ հողի պատմությանը: Ինչպես ասում են, մարդ չի կարող սիրել իր հողը, եթե չգիտի նրա պատմությունը: Մենք ձեռք բերեցինք շատ գիտելիքներ, որոնք, համոզված եմ, մեզ շատ կօգնեն ապագայում, ավելի շատ բան իմացանք մեր երկրի մասին և ավելի հայրենասեր դարձանք»,-ասել է Մ. Հարությունյանը:

  • Կիսվել: