հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում Ակնաղբյուրի անմահ հերոսների հիշատակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում Ակնաղբյուրի անմահ հերոսների հիշատակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում նախօրեին տեղի է ունեցել հուշ-երեկո՝ նվիրված Ասկերանի շրջանի օկուպացված Ակնաղբյուր համայնքից Արցախյան երրորդ պատերազմում նահատակված 23 նվիրյալների հիշատակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկաները մեկ րոպե լռությամբ խնկարկել են Արցախյան պատերազմներում մարտիրոսված տղաների հիշատակը:

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Մինաս Մովսիսյանի խոսքով՝ պետք է շարունակել քաջորդիների գործը՝ կյանքի կոչելով բոլոր իղձերն ու նպատակները, որի համար նրանք նահատակվեցին: «Մենք հիշում ենք 23 ակնաղբյուրցիներին, նրանց սխրագործությունները, սուրբ նահատակությունը հանուն Արցախ աշխարհի գոյության, հաղթանակի, նրա այսօրվա, ապագայի, մեր՝ հույսով, հավատով ու սիրով ապրելու համար: Մենք պետք է շարունակենք քաջաբար պայքարել, ինչպես մեր նահատակները»,-ասել է Տեր Մինաս քահանա Մովսիսյանը:

Ակնաղբյուրի Վարդան Ջիվանշիրյանի անվան միջնակարգ դպրոցի վաստակաշատ ուսուցիչ Արթուր Ավանեսյանը, ով պատերազմում կորցրել է որդուն, նշել է, որ դարեր շարունակ Արցախ աշխարհը հանդիսացել է հայոց բնօրրանն ու ազգային-ազատագրական պայքարի օջախը:

«Ուստի պատահական չէ թուրքի ագրեսիան մեր դեմ: Մենք պետք է շարունակենք մեր պայքարը»,-հավելեց Ա.Ավանեսյանը՝ համոզմունք հայտնելով, որ հայրենի եզերքից զրկված ակնաղբյուրցիների պայքարի լավագույն ձևը համախմբվելն է մեկ գաղափարի շուրջ:

  • Կիսվել: