կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեփանակերտում 81-ամյա կին է ինքնասպան եղել

Ստեփանակերտում 81-ամյա կին է ինքնասպան եղել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 66 հաղորդում։ Շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, որից 24-ը նյութական վնասով, 3-ը՝ մարմնական։ Բուժհաստատություն է դիմել 2 քաղաքացի։

Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 37 վարորդ, 21-ը եղել է անսթափ վիճակում, 356 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը: Մեկ շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված հանցագործությունների 7 դեպք, որից 3-ը՝ 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում կատարված գողության դեպքեր են: ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ վերահսկել օպերատիվ իրավիճակը, կազմակերպել հանցավորության դեմ արդյունավետ պայքար և պահպանել կայուն հասարակական կարգ ու կանոն:

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 10, անձնական ունեցվածքի գողության 1, խարդախության 2, ապօրինի ծառահատման 6 դեպք։ Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարի արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 5 դեպք:

Ինքնասպանության մեկ դեպք է արձանագրվել Ստեփանակերտում: 81-ամյա կինը փետրվարի մեկին, ժամը 08:40-ի սահմաններում, ինքնասպանություն է գործել իրենց բնակարանի պատշգամբից ցած նետվելու միջոցով: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Հերթապահ մասերում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։

  • Կիսվել: