հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ստեփանակերտի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կապան՝ քաղաքի օրվա առթիվ

Ստեփանակերտի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կապան՝ քաղաքի օրվա առթիվ

Օգոստոսի 19-20-ը Կապանում էր Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:

Այս մասին հայտնել են Ստեփանակերտի քաղաքապետարանից: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ առիթը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի՝ Կապանի օրը (Օգոստոսի 20) միասին նշելու հրավերն էր, որն էլ ընդունվեց սիրով: «Ապրիր երկար, Սյունյա՛ց ոստան» խորագրով տոնակատարության շրջանակը ընդգրկուն էր ու բազմաբովանդակ՝ վաղ առավոտյան մարզական միջոցառումներ ու հաղթողների պարգևատրում, ծաղիկների խոնարհում մեծանուն զորավարի՝ Զանգեզուրի խորհրդանիշ Դավիթ-Բեկի խրոխտ հուշարձանին, այցելություն քաղաքի սրբատեղիներից Բաղաբուրջի հուշահամալիր ու հանուն հայրենիքի անմահացած հերոսների հիշատակի խնկարկում, հանդիսավոր նիստ, Գարեգին Նժդեհի զինակից ու գաղափարակից ընկեր կապանցի Պողոս Տեր Դավթյանի կիսանդրու բացման արարողություն, բազմաոճ համերգներ, ցուցահանդես-տոնավաճառ:

Գերհագեցած ժամանակացույցի պայմաններում Արցախի և Սյունիքի գլխավոր քաղաքների ղեկավարները նաև հասցրել են առանձին հանդիպում ունենալ Կապանի համայնքապետարանում:

Երեկոյան Սյունյաց սրտում բազմաթիվ կապանցիների և հյուրերի հետ ներկա եղան տոնական գալա համերգին:

  • Կիսվել: