Ստեփանակերտի քաղաքապետարանը ճամբար է կազմակերպել
Այսօր՝ հուլիսի 16-ին, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում տեղի է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված ճամբարի բացումը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ճամբարը կտևի երեք օր, որի ընթացքում նախատեսվում են էքսկուրսիաներ և արշավներ, խաղեր, երգեր, պարեր և մրցույթներ:
Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Կարինե Հարությունյանի խոսքով՝ այս կերպ խրախուսում են երիտասարդներին, որպեսզի հետագայում ավելի ակտիվորեն ընդգրկվեն քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումներին:
«2020 թվականին ճամբարը կազմակերպել ենք Պատարայում, իսկ հիմա որոշեցինք Գանձասար տանել մեր երիտասարդներին: Ընդգրկված են բուհերի, քոլեջների, տարբեր հասարակական կազմակերպությունների 50 երիտասարդներ, որոնք օգնություն են ցուցաբերում քաղաքապետարանին տարբեր հարցերում, ունեն մեծ ներդրում մշակութային կյանքում: Հետպատերազմյան շրջանում մենք որոշեցինք երիտասարդներին ուրախություն պարգևել », - մեզ հետ զրույցում նշեց Կարինե Հարությունյանը:Ճամբարական Իրինա Այդինյանը առաջին անգամ է մասնակցում քաղաքապետարանի կազմակերպած միջոցառմանը:
«Արդեն հասցրել եմ նոր ընկերներ ձեռք բերել: Ուրախ եմ, որ այսպիսի միջոցառումներ կազմակերպվում են Արցախի երիտասարդությանը ավելի միասնական դարձնելու համար», - ասաց նա։




