երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտի քաղաքապետարանը նախաձեռնել է արշավ դեպի Հակոբավանք

Ստեփանակերտի քաղաքապետարանը նախաձեռնել է արշավ դեպի Հակոբավանք

Սեպտեմբերի 10-ին Ստեփանակերտի քաղաքապետարանը, հայրենաճանաչության ծրագրի շրջանակներում, նախաձեռնել է արշավ դեպի Հակոբավանք կամ Մեծառանից վանք, որը գտնվում է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի հարակից բարձունքում:

Ինչպես հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից, տարբեր երիտասարդական կազմակերպություններից և քաղաքապետարանի ներկայացուցիչներից կազմված 60 հոգանոց խումբը հագեցած օր ունեցավ:

Առաջին կանգառը «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում էր, որտեղ մասնակիցները հրավիրված զբոսավարի կողմից տեղեկացան Արցախը խորհրդանշող տուֆակերտ կոթողի պատմությանն ու նշանակությանը:

Հետո այցելեցին Հակոբավանք, որտեղ նրանց ողջունեց և օրհնեց վանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, ով նաև ներկայացրեց V-VII դարերում կառուցված տաճարի պատմությունը:

Արշավախումբը հաջորդիվ Ծաղկաշատ գյուղում, վարպետաց դասերի շրջանակում, ծանոթացավ թոնրում հաց թխելու գաղտնիքներին, համտեսեց արցախյան ավանդական ուտեստներից կուրկուտ:

Օրվա երկրորդ կեսին խումբը եղավ Նիկոլ Դումանի տուն-թանգարանում:

Հաճելի և ճանաչողական ժամանցի վերջին ակորդներն էլ տեղում կազմակերպված տարբեր խաղերն էին արշավականների մասնակցությամբ ու «Մենք ենք մեր սարերը» ազգագրական երգուպարի համույթի հայրենասիրական կատարումները:

  • Կիսվել: