Ստեփանակերտի պայթյունի հետևանքով ուժային կառույցի 76 ծառայող է զոհվել. նրանք պետք է ստանան իրենց համապատասխան կարգավիճակը. Արցախի նախագահ
Մենք այսօր Արցախի տեղեկատվական շտաբով հայտարարություն ենք տարածել ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարության մասով, որով խիստ դատապարտել ենք նման հայտարարությունները, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Ես այսօր ընդունել եմ զոհված զինծառայողների ընտանիքների կողմից լիազորված ծնողի, որը մեզ փոխանցել է իր դժգոհությունները, և 1 ժամ առաջ իրենց կողմից հրապարակվել է բաց՝ ուղղված նամակ ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանին։ Հույս ունեմ, որ նա սպառիչ պատասխան կտա»,-ասաց նախագահը։
Անդրադառնալով 2023 թվականի սեպտեմբերին Արցախում պայթյունի հետևանքով զոհվածների կարգավիճակին՝ Շահրամանյանը նշեց, որ խնդրին ծանոթ է.«Պայթյունի հետևանքով ուժային կառույցի 76 ծառայող է զոհվել, և իրենք պետք է ստանան իրենց համապատասխան կարգավիճակը, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ես պարբերաբար հանդիպում եմ նրանց հարազատների հետ, և քննարկում ենք հնարավոր լուծումները։ Պատասխան պետք է ընկալել նաև ՀՀ ղեկավարությունից»։