հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական նոր ծրագիրն արդեն մեկնարկել է

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական նոր ծրագիրն արդեն մեկնարկել է

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական նոր ծրագիրն արդեն մեկնարկել է և բաժինն արդեն 20 ուսանող ունի։

Համալսարանի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանն «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս մասնագիտությունն անհրաժեշտություն է, քանի որ սոցաշխատողի ինստիտուտը պետք է զարգացնել։

«Արցախում վերջին իրադարձություններից հետո սոցիալ-հասարակական դաշտում խնդիրներ կան, և այդ խնդիրները լուծելու համար այս ինստիտուտն անհրաժեշտություն է: Ծրագիրը նախաձեռնել են Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և Երևանի պետական համալսարանը: Երևանի պետական համալսարանի սոցիալական աշխատանքի և տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսները գալիս են Արցախ և այստեղ դասախոսություններ կազմակերպում, որոնց միանում և մասնակցում են նաև մեր դասախոսները: Շուտով նրանք Երևանում կմասնակցեն դասընթացների, որը վերապատրաստման հետաքրքիր ու կարևոր մի փուլ է: Մագիստրանտները պետպատվերի շրջանակներում են սովորում այս մասնագիտությամբ և հետագայում ապահովվելու են աշխատանքով, ինչը մոտիվացիոն գործընթացի սկիզբ է», - նշեց Ա. Բաղդասարյանը:

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մանանե Պետրոսյանը, ով պարբերաբար դասախոսություններով հանդես է գալիս Մեսրոպ Մաշտոց համալսարանում, իր խոսքում նշեց, որ ուսանողների մեջ անընդհատ սովորելու ձգտում է տեսնում։

«Ամեն օր մենք տեսնում ենք նրանց առաջընթացը, նրանք որոշել են՝ չեն հանձնվելու և սոցիալական աշխատանքի ոլորտում հիմնարար բարեփոխում են իրականացնելու: Հավատում եմ ու վստահ եմ, որ մենք անպայման հաջողության կհասնենք ուսանողների հետ՝ ունենալով Արցախի բոլոր համայնքներում համապատասխան ծառայություններ։ Մարտունիում կբացենք «Երեխաների և ընտանիքի կենտրոն», նմանատիպ կենտրոն կունենանք նաև հաջորդ տարի` Մարտակերտում, իսկ հետո` նաև Ասկերանում։ Սա շարունակական գործընթաց է, որում անպայման հաջողելու ենք», - ասաց Մ. Պետրոսյանը:

  • Կիսվել: