Ստեփանակերտի Կնունյանցների փողոցում նոր բազմաբնակարան շենքի շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են
Ստեփանակերտի Կնունյանցների 6 հասցեում նոր բազմաբնակարան շենք է կառուցվում:
Շինարարությունն իրականացնում է «Դավիթ Գրուպ» ՓԲ ընկերությունը։
«Արցախպրես»-ի թղթակիցը եղել է շինհրապարակում և ծանոթացել կատարվող աշխատանքներին: Մեզ հետ զրույցում «Դավիթ Գրուպ» ընկերության աշխղեկ Ռազմիկ Ղևոնդյանն ասել է, որ նոր բազմաբնակարան շենքի կառուցման մեկնարկը տրվել է 2020 թվականի աշնանային պատերազմից անմիջապես հետո: «Կառուցվում է 70 բնակարանանոց բնակելի շենք: Այն կունենա 12 հարկ. 2 հարկը կծառայի որպես ստորգետնյա ավտոկայանատեղի և քաղաքացիական պաշտպանության օբյեկտ: 10 բնակարան կլինի 1 սենյականոց, 20-ը՝ 2 սենյականոց, իսկ 40 բնակարան՝ 3 սենյականոց: Ներկա դրությամբ աշխատանքները ընթանում են պլանավորված գրաֆիկին համապատասխան: Ըստ նախատեսվածի՝ շենքը շահագործման կհանձնվի 2024 թվականին»,- ներկայացրել է Ռ. Ղևոնդյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ օրվա կտրվածքով շինաշխատանքներում ընդգրկված են ընկերության մոտ 20 շինարարներ: Նրա հավաստմամբ՝ երկրի նախագահի կողմից զգում են ընդգծված ուշադրություն, որպեսզի աշխատանքները խոստացված ժամկետներում ավարտին հասցվեն։