հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստեփանակերտի կարմիր գծերը շարունակում են մնալ նույնը, այն է՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Բաբայան

Ստեփանակերտի կարմիր գծերը շարունակում են մնալ նույնը, այն է՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Բաբայան

Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումն ամբողջությամբ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին էր: Նման տեսակետ ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Նա վերահաստատել է՝ Ստեփանակերտի կարմիր գծերը շարունակում են մնալ նույնը, այն է՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Բաբայանը, մասնավորապես, ասել է, որ պաշտոնական Ստեփանակերտը տարիներ շարունակ միշտ նշել է, որ երկխոսությունը ավելի գերադասելի է պատերազմին։

՛՛Բնական է, որ մենք ունենք մեր տեսակետը, դա այն է, որ մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում։ Դա մեզ համար անընդունելի է, անընդունելի եղել է, անընդունելի կմնա ընդմիշտ։ Իսկ այս հանդիպումը, ինչպես մենք տեսանք, հիմնականում և միգուցե լիովին վերաբերում էր Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջանի Հանրապետություն հարաբերություններին՛՛,– ասել է Արցախի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Փաշինյան–Ալիև հանդիպում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

 

 

  • Կիսվել: