հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ստեփանակերտի բժշկական քոլեջում զոհված շրջանավարտների հիշատակին հուշաքար է տեղադրվել

Ստեփանակերտի բժշկական քոլեջում զոհված շրջանավարտների հիշատակին հուշաքար է տեղադրվել

Այսօր՝ մայիսի 4-ին, Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան բժշկական քոլեջում տեղի է ունեցել զոհված տասնմեկ շրջանավարտների հիշատակին կառուցված հուշաքարի բացման արարողություն: Նախաձեռնության հեղինակները քոլեջի շրջանավարտներ Հայկ Իշխանյանն ու Կարեն Բաբայանն են, որոնց աջակցել են Ստեփանակերտի Քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Դավիթ Սարգսյանի, <<Արցախի պահեստազորի սպաների միություն>> ՀԿ-ն` ի դեմս պահեստազորի սպա Կարմեն Ասլանյանի, քոլեջի տնօրինությունը, ուսանողները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման սկզբում զոհված ազատամարտիկների հարազատները ծաղիկներ խոնարհեցին հերոսների հիշատակը հավերժացնող հուշատախտակին:

Նրանք ոգեկոչեցին Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած հայորդիների հիշատակը, այնուհետեւ հնչեց ԱՀ պետական օրհներգը: Խաչքարն օծվեց Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանի կողմից, կատարեց օրհնության կարգ:

«Մեր նահատակներն անմահ են մեր հիշողության, մեր հոգու մեջ: Մենք նրանց հիշում ենք երախտիքով, ջերմությամբ, մեծագույն սիրով ու աղոթքով»,-նշեց Տեր ներսես քահանա Ասրյանը:

Զոհված ազատամարտիկ Սերժիկ Հովսեփյանի մայրը՝ Զինա Հովսեփյանը, մեզ հետ զրույցում իր երախտագիտությունն է հայտնել նախաձեռնության հեղինակներին։

«Ցավոք, պատերազմը մեզնից խլեց շատ գարուններ չտեսած կյանքեր: Կարոտը սպանում է մեզ, սակայն հիշողություններն ապրեցնում են և ուժ տալիս` շարժվելու առաջ, հիշելու և մեծարելու հերոս որդիներին ու նրանց սխրանքները: Այսօրվա խաչքարի բացումը վկայությունն է այն բանի, որ նրանց թափած արյան ամեն մի կաթիլը հիշվում ու գնահատվում է»,-նշել է հերոսի մայրը։

Խաչքարի հեղինակը քանդակագործ Վարազդատ Համբարձումյանն է, ով իր բազմաթիվ աշխատանքները տարիներ շարունակ անձամբ է տեղադրել Արցախի տարբեր վայրերում: Միջոցառումն ամփոփեցին քոլեջի ուսանողները՝ հանդես գալով հայրենասիրական կատարումներով:

  • Կիսվել: