ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում կենտրոնական խորանի սրբապատկերի օծման արարողություն է կազմակերպվել

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում կենտրոնական խորանի սրբապատկերի օծման արարողություն է կազմակերպվել

Այսօր՝ ապրիլի 12-ին, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ տեղի է ունեցել կենտրոնական խորանի Սուրբ Մարիամ Աստվածածնի պատկերով նոր սրբապատկերի օծման և կախման արարողությունը: Նախաձեռնության հեղինակը ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն է:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ասել է, որ, ընդունված կարգի համաձայն, Հայ առաքելական եկեղեցու սուրբ սեղանները Աստվածամոր պատկերով պետք է զարդարված լինեն:

«Անշուշտ, ունենք ավանդական սուրբ սեղաններ, բայց, ընկալյալ կարգի համաձայն, սուրբ սեղանը անպայման պետք է զարդարված լինի Աստվածամոր` Փրկչի՝ մանուկ Հիսուս Քիստոսին գիրկը առած նկարով: Աշխարհի բոլոր նշանավոր թանգարաններում այդպիսի նկար կա, բայց շատերը օծված չեն։ Թող ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի նախաձեռնությունը լինի ուսուցողական մի քայլ բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են ճշմարտությունն ու այդ ճանապարհով ուզում են դառնալ նվիրյալներ ու բարեգործներ: Եվ թող հայերի համար շատ սիրելի Աստվածամայրը իրապես իր աստվածային հովանու ներքո պահի և պահպանի անմահության ճանապարհով քայլող հայ ազգին, Արցախն ու նրա բնակիչներին»,-նշել է Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Սրբապատկերի օծման արարողությունից հետո Մայր տաճարում հավատավորների մասնակցությամբ միասնական աղոթք է հնչել։

 

  • Կիսվել: