երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ստեղծվել է հումանիտար անընդունելի ճգնաժամ և կարևոր է, որ այդ մասին բարձրաձայնեք. Ռուբեն Վարդանյանը հանդիպել է բարեգործական կազմակեպությունների ներկայացուցիչների հետ

Ստեղծվել է հումանիտար անընդունելի ճգնաժամ և կարևոր է, որ այդ մասին բարձրաձայնեք. Ռուբեն Վարդանյանը հանդիպել է բարեգործական կազմակեպությունների ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն առցանց հանդիպում է ունեցել շուրջ 40 բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք շարունակվող շրջափակման պայմաններում աջակցություն են ցուցաբերում Արցախին:

Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին հաղորդմամբ, hանդիպմանը մասնակցել են նաև պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն ու ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը:
 
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նրանց գործունեության և այս դժվարին իրավիճակում Արցախի ու Արցախի ժողովրդի կողքին լինելու համար:
 
Նա ներկայացրել է իրավիճակն Արցախում՝ նշելով, որ ճգնաժամը չի արտահայտվում միայն սննդի կամ վառելիքի բացակայությամբ, այն խորքային ազդեցություն է ունենում հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա. «Շրջափակումը խնդիրներ է առաջացրել ոչ միայն ամենօրյա կյանքում, այլև տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։ Մեր տնտեսությունն ամեն օր հսկայական վնասներ է կրում»:
 
Պետնախարարը ներկայացրել է նախանշված կարեւոր վեց ուղղություններով կատարվող աշխատանքները՝ նկատելով, որ դրանցից առաջինի՝ Արցախի սուբյեկտայնության բարձրացման առումով կարևոր դեր ունեն նաև բարեգործական կազմակերպությունները. «Ստեղծվել է հումանիտար անընդունելի ճգնաժամ, որը թույլ չի տալիս մարդկանց նորմալ և լիարժեք կյանք վարել։ Այդ իմաստով շատ կարևոր է, որ դուք ևս բարձրաձայնեք այդ մասին։ Կարևոր է ոչ միայն ձեր նյութական օգնությունը, այլև այն, որ ձեր ձայնը հնչի, խնդիրը ճիշտ ներկայացվի աշխարհին»:
 
Ռուբեն Վարդանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է տարբեր՝ առողջապահության, սոցիալական, ենթակառուցվածքների ոլորտների ծրագրերն ու առաջնային անելիքները՝ կարևորելով հատկապես թիրախային աջակցությունը:
 
Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել բարեգործական բեռների փոխադրման հետ կապված գործընթացների և հասցված բեռի բաշխման մեխանիզմների մասին: Նախարարն ընդգծել է, որ բարեգործական եղանակով ստացված բեռները բաշխվում են բացառապես անվճար՝ սոցիալապես անապահով խմբերին: Գործընթացներն իրականացվում են թափանցիկ հիմունքներով, և այդ մասին հաշվետվությունները ներկայացվելու են բարեգործական կազմակերպություններին:
 
Նախարարը կարևորել է նաև բարեգործական կազմակերպությունների հետ արդյունավետ գործակցությունն ու մշտական կապը, որպեսզի կազմակերպությունները տեղեկանան առկա կարիքների մասին և նրանց օժանդակությունն առավել թիրախային լինի:
 
Հանդիպման ընթացքում պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և նախարար Արմեն Մանգասարյանը նաև պատասխանել են հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին:

  • Կիսվել: