երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ստեղծված իրավիճակը շատ մտահոգիչ է, և այն լիցքաթափելու համար անհրաժեշտ են խաղաղապահների հստակ ու կտրուկ քայլերը. ռազմական փորձագետ

Ստեղծված իրավիճակը շատ մտահոգիչ է, և այն լիցքաթափելու համար անհրաժեշտ են խաղաղապահների հստակ ու կտրուկ քայլերը. ռազմական փորձագետ

Ադրբեջանը մի կողմից Արցախի իշխանություններին հրավիրում է Բաքու երկխոսության, մյուս կողմից նույն օրը միջհամայնքային ճանապարհի վրա իրականացնում ռազմական հարձակում: Սա միայն ցինիզմ չէ, սա ադրբեջանական իշխանությունների բացահայտ դիրքորոշումն է, որը նշանակում է, որ Արցախն իրենց պետք է առանց նրա էթնիկ ազգաբնակչության:

Արցախպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Վլադիմիր Հարությունյանը և ավելացրել, որ ստեղծված իրավիճակը շատ մտահոգիչ է, և այն լիցքաթափելու համար անհրաժեշտ է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հստակ և կտրուկ քայլերը:

«Ադրբեջանական կողմը օրեր շարունակ տեղեկատվական քարոզչական դաշտ էր նետել այն կեղծ թեզը, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հայերը Հայաստանից Արցախ զենք են տեղափոխում: Ռուսական կողմից որևէ արձագանք, որևէ հակադարձում չեղավ ու հետևանքը եղավ Ստեփանակերտ Լիսագոր միջհամայնքային ճանապարհի վրա հարձակումներն, այդ թվում իրենց ծառայողական պարտքը կատարելիս երեք ոստիկանների զոհվելու ու մեկի վիրավորելու ողբերգական դեպքը: Ցավոք, այդ գործընթացը շարունակվում է ու հնարավոր է ավելի վտանգավոր ծավալներ ստանա»,- ասել է ռազմական փորձագետը:

Ըստ մեր զրուցակցի՝ պաշտոնական Բաքվի կողմից հետևողական կերպով ցուցաբերվող ապակառուցողական ու ագրեսիվ վարքը պետք է անհապաղ կերպով կանխել, հակառակ դեպքում նոր սադրանքներն անխուսափելի են լինելու, որոնք ուղղված են լինելու և՛ արցախյան, և՛ ռուսական կողմերի դեմ:

«Տեղի ունեցող միջադեպերից հետո խաղաղապահներին տեղյակ պահելը պրոտոկոլային առումով գուցե կարևոր է, բայց այսօր փաստացի կերպով ունենք մի իրավիճակ, երբ նոր վտանգները տեսանելի են ու դրանք կանխելու համար պահանջվում են հստակ գործողություններ: Հետևաբար, սպասել դրանց արձանագրմանը և հետո արձագանքել, որևէ տրամաբանական բացատրություն չունի, առավել ևս, որ սովորաբար խաղաղապահները չեն կարողանում վերացնել ադրբեջանական խախտումների հետևանքները և նրանց վերադարձնել ելման դիրքեր»,- ասել է Վլադիմիր Հարությունյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: