կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սխալներն անթույլատրելի են, որոշվում է ժողովրդի ճակատագիրը. Դավիթ Բաբայան

Սխալներն անթույլատրելի են, որոշվում է ժողովրդի ճակատագիրը. Դավիթ Բաբայան

Մենք չպետք է սխալներ թույլ տանք, որովհետեւ այս պահին որոշվում է ժողովրդի ճակատագիրը։ Այս մասին այսօր կայացած քննարկման ժամանակ ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Նա նշել է, որ կարեւորում են գիտական ներուժի ներգրավումն արտաքին քաղաքականության մեջ, ուստի դա, Բաբայանի խոսքով, հիմնարար մոտեցում է խնդիրների նկատմամբ, առանց որի շատ դժվար կլինի դիմակայել մարտահրավերներին։

Ըստ ԱՀ ԱԳ նախարարի՝ Ադրբեջանում հայատյացությունը պետական գաղափարախոսություն է: ՛՛Մենք երբեք չպետք է մոռանանք դա։ Խնդիրը բարդանում է նրանով, որ հայատյացությունը օբյեկտիվ բնույթ է կրում, եւ մենք պետք է դա հաշվի առնենք։ Հարցը ժողովրդի մեջ չէ։ Մենք ատելություն չենք տածում ադրբեջանական ժողովրդի նկատմամբ։

Մենք պետք է հասկանանք, որ ադրբեջանական պետությունը մեզ համար սպառնալիք է․ պետությունն է ֆաշիստական լինում։ Այն, որ Ադրբեջանում հայատյացության քաղաքականություն է իրականացվում, օբյեկտիվ իրողություն է, որովհետեւ այդ ժողովուրդը դեռեւս ձեւավորման փուլում է։ Դա չի նշանակում, որ մենք առաջնակարգ ենք, իսկ նրանք երկրորդ կարգի են․ դա սխալ մոտեցում է։ Բայց դա ընդամենը օբյեկտիվ իրականություն է՛՛,-նշել է նա։

Բաբայանը հավելել է, որ այնտեղ կան բազմաթիվ ազգային փոքրամասնություններ, եւ նրանցից առնվազն երեքը չեն ձուլվել։ Նրանք կազմում են Ադրբեջանի բնակչության 49 տոկոսը։

՛՛Այդ ազգային փոքրամասնությունները կոմպակտ են ապրում, իսկ դա նշանակում է, որ անջատվողականության բոլոր հիմքերը կան։ Նրանք մշտապես փորձում են ազատվել Ադրբեջանի ազդեցությունից։ Նրանց թվին են պատկանում թալիշները (800 հազար մարդ), որոնք երկու անգամ հռչակել են իրենց պետականությունը (1915 եւ 1993 թվականներին), լեզգիները (350 հազար) եւ ավարները (150 հազար):

Արցախում Ադրբեջանն ամենամեծ վտանգն է տեսնում, եւ իրենք ամեն ինչ անելու են իրենց պետականությունը պահպանելու համար։ Պետք է հասկանալ, որ իրավիճակը շատ բարդ է, պետք է հնարավորինս հեռանալ վիրտուալ հարթակից։

Մենք գործ ունենք շատ լավ կազմակերպված թշնամու հետ, որը աշխարհաքաղաքական պայքարի մեծ փորձ ունի։

Պայքարը բազմաշերտ է, այն տեղի է ունենում ե՛ւ տեղեկատվական, ե՛ւ գիտակրթական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ այլ ոլորտներում։ Մեզանից յուրաքանչյուրից ինչ-որ բան է կախված՛՛,-ասել է Արցախի ԱԳ նախարարը։

Նա կարևորել է միասնականությունը ազգայինն արժեքների պահպանումը: ՛՛Արցախը պետք է լինի հայ ժողովրդի համար ամենաբարձր արժեքներից մեկը։ Հակառակ դեպքում ամեն ինչ շատ վատ կավարտվի։

Շատ կարեւոր է Արցախի դիրքորոշումը, ուստի մենք ձեռնպահ ենք մնում Հայաստանում ցանկացած ներքաղաքական գործընթացից։

Ցավոք, կա զանգված, որը սպասում է Արցախի կարծիքին, որպեսզի այն օգտագործի ներքին քաղաքականության համար՝ դրանով իսկ հարված հասցնելով Արցախին։ Մենք դա թույլ չենք տա, առնվազն մեր կողմից։

Դա չի նշանակում, որ Արցախն իր կարծիքը չունի։ Մենք ուշադիր հետեւում ենք գործընթացներին եւ համապատասխան եզրակացություններ ենք անում, բայց դա չի նշանակում, որ ամեն առիթով պետք է արտահայտվենք։

Եթե մենք ուզում ենք այս ծանր իրավիճակում պահպանել Արցախը, ապա պետք է ունենանք ռազմավարություն՝ գրագետ և հայրենասիրական մոտեցում։ Դա միաժամանակ պարզ է եւ բարդ՝ հաշվի առնելով հայ ժողովրդի որոշ առանձնահատկությունները։

Մենք չպետք է սխալներ թույլ տանք, որովհետեւ այս պահին որոշվում է ժողովրդի ճակատագիրը։ Հիմա մեզ համար ամենադժվար իրավիճակն է մեր ողջ պատմության ընթացքում։ Այսօր կանգնած է հայ ժողովրդի, հայության գոյության հարցը, ուստի պետք է առավելագույն զգուշավորություն ցուցաբերել՛՛,-նշել է Բաբայանը։

Նրա խոսքով՝ անթույլատրելի է մտնել աշխարհաքաղաքական գործընթացների մեջ՝ ռուսամետ, հակաարեւմտյան եւ այլն, քանի որ դա, ըստ նրա, կհանգեցնի աղետի։

՛՛Մենք բոլորի հետ նորմալ հարաբերություններ պահպանելու հնարավորություն ունենք։ Իսկ Ադրբեջանում հայատյացությունը չի փոխվի, քանի որ նրանք խնդիրներ ունեն ազգային փոքրամասնությունների հետ։ Կան աշխարհաքաղաքական օրենքներ, որոնք գործում են ամենուր։

Մենք կանգնած ենք մեր դիրքերում եւ կանգնելու ենք մինչեւ վերջ, արդեն կորցնելու ոչինչ չունենք։ Պետք է առավելագույնս ներգրավել առողջ ուժեր, լինել առավելագույնս պրոֆեսիոնալ ու հայրենասեր, մնացածը տեխնիկական հարցեր են։

Հայաստանում գիտական լուրջ ներուժ կա։ Այն պետք է օգտագործել արտաքին քաղաքականության մեջ։ Այդպես են անում բոլոր զարգացած երկրները։ Եթե վերլուծությունն իրականացվում է առանց համապատասխան գիտական բազայի, ապա հնարավոր չէ արդյունքի հասնել։

Որպեսզի քաղաքագիտական միտքը սպասարկի ազգային շահերը, այն պետք է ունենա գիտակրթական բազա։ Եթե այդ ներուժը կորի, ապա հարված կհասցվի մեր պետականությանը եւ մեր ապագային։ Մենք գտնվում ենք գերտերությունների եւ տարածաշրջանային տերությունների շահերի բախման էպիկենտրոնում, պետք է օբյեկտիվորեն դիտարկենք իրավիճակը եւ իրական պատկերացում ունենանք տեղի ունեցածի մասին՛՛,-ասել է ԱՀ ԱԳ նախարարը:

  • Կիսվել: