շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շուշիում մզկիթ է վերականգնվել

Շուշիում մզկիթ է վերականգնվել

Շուշիում ավարտին են մոտեցել 19-րդ դարի ճարտարապետական-կրոնական համալիրի՝ Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգնման աշխատանքները, տեղեկացնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից: 

 «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը, սատարելով Արցախի կառավարության նախաձեռնությունը, 2014 թ.-ին ձեռնարկել է Վերին մզկիթի վերականգնման ծրագիրը, որն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Արցախի զարգացման ծրագրի շրջանակում:

 

Նախագծի շրջանակում ամբողջությամբ վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը՝ պահպանելով նրա առաջնային տեսքը: Հիմնովին վերականգնվել է նաև մզկիթի հարևանությամբ գտնվող մեդրեսեի շենքը (հոգևոր վարժարան), ընդլայնվել և բարեկարգվել է մզկիթի հարակից տարածքը, կառուցվել է պուրակ:  

 

Շուշիի Գոհար տիկնոջ Վերին մզկիթը ներկայիս տեսքով կառուցվել է 1864-1865 թթ.՝ Գոհար տիկնոջ հովանավորությամբ, և կրում է նրա անունը:

 

«Մզկիթի վերականգնման նախագիծը թույլ է տալիս ոչ միայն ներկայացնել տարածաշրջանի և Շուշիի պատմամշակութային ժառանգությունը, այլև նոր կենտրոն ստեղծել Արցախի զբոսաշրջային քարտեզի վրա: Մենք հուսով ենք, որ այս նախագիծը նաև կնպաստի Շուշիի պատմական թաղամասի վերականգնման աշխատանքներին նոր թափ հաղորդելուն»,-ասել է IDeA հիմնադրամի Արցախի զարգացման ծրագրի ղեկավար Սուրեն Ամիրբեկյանը:

 

Նա նաև նշել է, որ ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավվել են «Part Saman Jahan» իրանական ճարտարապետական ընկերությունը, «TFA-Armenia» ճարտարապետական բյուրոն, «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտե»՝ ԻԿՕՄՕՍ-Հայաստանը, Լորենցո Յուրինան (Միլանի պոլիտեխնիկական համալսարանի դասախոս) և Իրանական մշակութային ժառանգության,  արհեստների և զբոսաշրջության կազմակերպությունը (Iranian Cultural Heritage, Handicrafts and Tourism Organization):

Վերջինիս շնորհիվ, մզկիթի բուն վերականգման աշխատանքներին Իրանից հրավիրվել է աղյուսի հետ աշխատելու և իսլամական հոգևոր կառույցների վերականգնման աշխատանքների հարուստ փորձ ունեցող 12 մասնագետ:

 

Վերին մզկիթի վերականգման աշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Շուշիում:

  • Կիսվել: