երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շոշում տեղահանված 10 ընտանիք է հաստատվել. գյուղի առօրյան ներկայացնում է համայնքապետը

Շոշում տեղահանված 10 ընտանիք է հաստատվել. գյուղի առօրյան ներկայացնում է համայնքապետը

ԱՀ Ասկերանի շրջանի Շոշ համայնքում 600 բնակիչ է ապրում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շոշի համայնքապետ Էրիկ Աբրահամյանը:

«44-օրյա պատերազմից հետո մեր գյուղում տեղահանված 10 ընտանիք է հաստատվել: Ազատ բնակֆոնդում մոտ 15 տուն ունենք, որոնք վերանորոգելուց հետո սիրով կտրամադրենք տեղահանված այլ ընտանիքների: Պատերազմական գործողությունների ընթացքում գյուղում մոտ 100 տուն է վնասվել. պատերազմի ավարտից անմիջապես հետո սկսվել են վերականգնման աշխատանքներ: Դպրոցը բարեկարգ է, 99 աշակերտ ունի, 7-ը տեղահանված ընտանիքների երեխաներ են։ Մանկապարտեզ 29 սան է հաճախում: Գյուղում է գտնվում Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որն ուխտատեղի է բնակիչների համար»,-ներկայացրել է համայնքի ղեկավարը և հավելել` գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ Շոշը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ: Է. Աբրահամյանը ցավով նշեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմում 8 համագյուղացի է անմահացել, իսկ 2-ն էլ վիրավորվել են: Խոսելով բնակիչների զբաղվածության մասին` նա ասաց, որ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 75%-ն անցել է թշնամու տիրապետության տակ, սակայն գյուղացիները չեն ընկրկում, շարունակում են զբաղվել գյուղատնտեսությամբ:

  • Կիսվել: