հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Շնորհակալություն «Ավրորա» նախաձեռնությանը, շուտով արդյունքները տեսանելի կլինեն արցախցիների համար. Բեգլարյան

Շնորհակալություն «Ավրորա» նախաձեռնությանը, շուտով արդյունքները տեսանելի կլինեն արցախցիների համար. Բեգլարյան

Մայիսի 2-ին Դիլիջանի միջազգային դպրոցում կարևոր ու օգտակար համաժողով էր կազմակերպվել՝ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից և ԱՀ կառավարության աջակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

՛՛Ես ներկայացրեցի 44-օրյա պատերազմի մարդասիրական հետևանքներն ու վնասները, կառավարության կողմից իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև արտաքին աջակցության հիմնական սկզբունքները:

Միջոցառման ընթացքում կազմակերպվել են չորս աշխատարաններ, որտեղ ԱՀ կառավարության անդամները, տասնյակ գործընկեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու աշխարհի տարբեր երկրներից ոլորտային առաջատար մասնագետներ քննարկել են Արցախի առողջապահության, կրթության, մշակույթի, տնտեսական ու սոցիալական ոլորտներում առկա խնդիրները, միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքները, ինչպես նաև նախանշել են դրանց լուծմանն ուղղված հետագա ծրագրերի ուղղություններն՝ ըստ առաջնահերթությունների ու կարողությունների:

Համաժողովին մասնակցող վեց նախարարները առանձին ելույթներ են ունեցել ոլորտային աշխատարաններում՝ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների հետ քննարկելով Արցախի վերականգնմանն ու զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի հնարավորությունները:

Շնորհակալություն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը և բոլոր մասնակից կազմակերպություններին ու անձանց արժեքավոր քննարկումների համար: Համոզված եմ, որ շուտով արդյունքները տեսանելի կլինեն արցախցիների համար:

Որոշ մանրամասներ՝ հետևյալ հղմամբ՝ https://auroraprize.com/hy/partnership-for-artsakh...՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: