կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Շնորհակալ ենք ձեր բացառիկ նվիրումի համար. փրկված զինվորի մոր խոսքը՝ փրկարարներին

Շնորհակալ ենք ձեր բացառիկ նվիրումի համար. փրկված զինվորի մոր խոսքը՝ փրկարարներին

Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ներկայացրել է փրկված զինվորի մոր՝ Սոնա Ադամյանի շնորհավորական խոսքը Փրկարարին.

«Հարգարժան փրկարար, կոչմանդ իրական կրող:

Թույլ տուր խորին երախտագիտությամբ քեզ ասել՝ Շնորհակալ ենք:

Երբ մի պահ տեղափոխվում ենք անցյալ տարվա նույն օրերը, թվում է անվերջանալի տառապանքին ու ցավին վերջ չի լինելու:

2020 թվականի 44-օրյա պատերազմի բոթը թակեց նաև մեր դուռը: Ընդամենը 2 ամսվա ժամկետային զինծառայող մեր որդուց՝ Արթուր Հարությունյանից, վերջին լուրը ստացել էինք հոկտեմբերի 16-ին՝ ամսի 10-ից արդեն թշնամու թիկունքում հայտնվելու, շրջափակման մեջ լինելու ընթացքում:

Դժոխք դարձած օրերը ամեն անգամ մեզ հեռացնում էին նրան գտնելու հույսից, բայց չէին կտրում: «Ում միջոցով Աստված կփրկեր ու տուն կբերեր մեր Արթուրին, երբ կբերեր, մտքով սպասում էինք: Ամեն լուսաբացին հույս էր ավելանում, քանի որ որոնողական աշխատանքներն էին սկսում իսկ ահա մայրամուտին այդ հույսը կարծես մարում էր... ու այդպես մինչև դեկտեմբերի 17-ը: Այդ օրն էր, երբ 70 օրից հետո առաջին լուրը ստացանք:

Մշտապես անձամբ մասնակցելով որոնողական աշխատանքների նախապատրաստման և իրականացման հոգեբանական ծանր գործընթացներին, հաճախ ինքս ընդգրկվելով խմբերում, ականատեսն էի փրկարարների տքնաջան և անասելի անգամ գերմարդկային ուժին՝ անմնացորդ նվիրվածոթյանը:

Աննկարագրելի զգացողություններ ունեմ դեկտեմբերի 20-ի հետ կապված, երբ արդեն կազմ ու նախապատրաստված որոնողական խմբերը դուրս էին եկել առաջին անգամ հաստատ կյանքեր փրկելու, նրանց մեջ էր նաև որդիս:

Մեր հանդիպանը դժվար էր ողջ օրը սպասել, առավել ևս, որ վտանգներով դեռ լեցուն էր վերջնական տուն դարձի ճանապարհը: Սրտի թրթիռով րոպեներն էինք հաշվում, սպասում օպերացիայի իրականացմանը, որի կազմակերպման գործում հսկայական էր փրկարարական խմբի, ի դեմս գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի ավանդը:

Մարդկային ու մասնագիտական բացառիկ ունակություններով օժտված, անհամեմատելի նրբազգացողությամբ, նվիրվածությամբ, հոգատարությամբ նա ողջ որոնողական ժամանակահատվածում շփվում էր անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողներիս ու հարազատների հետ, գերհոգնած, գերհուզված: Այո, նրա կերպարում հենց ծնողներս հայրենասիրության, սրտացավության, օգնության ձեռք մեկնելու անսպառ պատրաստակամություն և հույս էինք տեսնում:

Հարգարժան Կարեն Գրիգորիի, թույլ տվեք հրաշքով փրկված 6 տղաների ու ծնողներիս անունից խորին երախտագիտությամբ պարզապես ասել՝ Շնորհակալ ենք: Շնորհակալ ենք Ձեր բացառիկ նվիրումի և հոգատարության համար:

Ի դեմս Ձեզ, շնորհավոր իսկական փրկարարի տոնը՝ բոլորիդ տոնը»:

  • Կիսվել: