Շատ ծանր է առաջնագծում կանգնած զինծառայողի համար․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է, որ անկախ ՀՀ քաղաքական իշխանության տապալումներից և հայրենիքի դեմ ծավալած դավադրություններից, պետք է արժանին մատուցել բոլոր այն զինծառայողներին, որոնք հետպատերազմյան բարդ, ծանր իրավիճակում պատվով կատարում են իրենց մարտական խնդիրը։
«Շատ ծանր է առաջնագծում կանգնած զինծառայողի համար՝ գիտակցել, որ իր թիկունքում պետություն և քաղաքական պատասխանատվություն կրող ղեկավար չկա ու միևնույն ժամանակ ուժերի գերլարումով կենտրոնանալ ծառայության և երկրի պաշտպանության վրա։ Մենք մեր զինծառայողներին միայնակ թողնելու և գլուխներս ազատելու իրավունք չունենք։
Այսպիսի վիճակներում մեր զինծառայողը պետք է իմանա, որ ինչ էլ լինի հասարակության մի մեծ հատված մշտապես սատարելու է հայրենիքի պաշտպաններին։ Ես ինքս ճանաչում եմ մեծ թվով զինծառայողների, սպաների, ովքեր այս լարված օրերին, մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ են մոտենում իրենց ծառայությանը և հայրենիքի ու մեր բոլորի պաշտպանության համար պատրաստ են ամեն ինչի։
Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար ընկածներին, համբերություն և տոկունություն մեր զինծառայողներին»։