ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շահումյանի շրջանի հէկերը․ ովքեր են սեփականատերերը

Շահումյանի շրջանի հէկերը․ ովքեր են սեփականատերերը

«Հետք»-ը մի քանի ամիս է՝ ուսումնասիրում է Արցախի հէկերի կառուցման պատմությունը, դրանց բնապահպանական խնդիրները, սեփականատերերին։ Այս անգամ անդրադարձել ենք Շահումյանի վարչական շրջանի հէկերին, գրում է «Հետք»-ը։

 

Ըստ Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ՀԾՏՄԿՊՀ)՝ Շահումյանի վարչական շրջանում գործում է 7 փոքր հէկ:

Արցախի Շահումյանի շրջանի գետերի վրա կառուցած հիդրոէլեկտրակայանների սեփականատերերը պատահական մարդիկ չեն, նրանք բոլորը Հայաստանի, Արցախի նախկին և ներկա պաշտոնյաներ են կամ նրանց հետ փոխկապակցված անձինք։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 21-ից՝ 15 օր, Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ արեց՝ պահանջելով դադարեցնել Քարվաճառի (Շահումյանի) շրջանում փոքր հէկերի շինարարական աշխատանքները: Արցախի կառավարությունն արձագանքեց Քանանյանի պահանջին՝ հայտարարելով, որ հանձնաժողով կստեղծվի՝ հէկերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ուսումնասիրելու համար, շրջանում դադարեցվեցին հէկերի շինարարական աշխատանքները։

«Էլիտ Հիդրո» ՍՊԸ

2019 թվականի դեկտեմբերից Շահումյանի շրջանում սկսվել է նոր փոքր հէկի շահագործում, որը հզորությամբ առաջինն է ոչ միայն շրջանում, այլև ամբողջ Արցախում: Խոսքը «Էլիտ Հիդրո» ՍՊԸ-ի մասին է, որին լիցենզիա է տրվել վերջերս՝ 2019 թվականի դեկտեմբերի 25-ին, լիցենզիայի ժամկետը՝ մինչև 2025 թվական: «Էլիտ Հիդրո» հէկի դրվածքային հզորությունը 13.034 հազար մվտ է, էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրությունը՝ 70.5 կվտ ժամում:

Ըստ Արցախի Հանրապետության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ «Էլիտ Հիդրո»-ի հիմնադիրը, բաժնետերն ու տնօրենը Արսեն Աղամալյանն է։

 

 

Արսեն Աղամալյանը նախկինում աշխատում էր Միքայել Աթայանին (նա հայտնի է «Էլիտի Միշկա» անունով) փոխկապակցված «Ատրիում» շինարարական ընկերությունում։ 2008 թվականին գրանցված «Ատրիում» ընկերության միակ սեփականատերը, տնօրենն ու ու հիմնադիրը Միքայել Աթայանի եղբորորդի Գարիկ Աթայանն է: Արցախում բոլորը գիտեն, որ Միքայել Աթայանը նախագահ Բակո Սահակյանի մերձավոր շրջապատից է։ Միքայել Աթայանը բաժնետեր է նաև «Էլիտ գրուպ» ընկերությունում (շահագործում է մսամթերքի խանութ և արագ սննդի կետ)։ Նա նաեւ «Ռոսիա» ռեստորանային համալիրի տնօրենն է։ 

«Վիսավտ»  ՍՊԸ

Հաջորդ փոքր հէկը շահագործում է «Վիսավտ» ՍՊԸ-ն։ Այն կոչվում է «Ջերմաջուր» և գտնվում է Շահումյանի շրջանում՝ Թարթառ գետի վրա: «Ջերմաջուրի» դրվածքային հզորությունը 12,003 մվտ է, էլելկտրաէներգիայի միջին տարեկան արտադրությունը՝ 83,538 մլն կվտ ժամում: Դրվածքային հզորությամբ այն երկրորդն է Արցախում, բայց առաջինը՝ միջին տարեկան արտադրությամբ: 

«Վիսավտ» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականի ապրիլին։ Ընկերությունը փոխկապակցված է Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Ընկերության խոշոր՝ 60 տոկոս բաժնեմասը պատկանում է նրա եղբորորդուն՝ 27-ամյա Վռամ Կարապետյանին։ 

«Վիսավտ» ընկերության մյուս սեփականատերը Վայոց ձորի Գլաձոր համայնքում գրանցված Սամվել Իսախանյանն է։ Նա զբաղվում է հէկերի կառուցմամբ։ Իսախանյանին է պատկանում ընկերության 25 տոկոս բաժնեմասը։

«Վիսավտ»-ի տնօրենն ու 15 տոկոսի բաժնետերն արցախցի գործարար, Արցախում գրանցված Տիգրան Խաչատրյանն է։

 

 

«Վիսավտ»-ը ունի նաև հայաստանյան մասնաճյուղ։

Կարեն Կարապետյանը դեռևս իր վարչապետության շրջանում՝ 2017 թվականի փետրվարին, իր եղբորորդու ընկերությանը մաքսային արտոնություն տվեց՝ թույլատրելով «Վիսավտ»-ին Հայաստան ներմուծել ապրանքներ՝ ավելացված արժեքի հարկը երեք տարի անց վճարելով։ Ընկերությունը գործադիրից շուրջ 10 մլն դրամի չափով մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել: 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից «Հետքի» գրությանն ի պատասխան հայտնել են, որ ներդրումային ծրագրերի շրջանակներում ընկերությունն արդեն իսկ իրականացրել է խոստացված 4.6 մլրդ դրամի ներդրումներն ու ստեղծել 14 նոր աշխատատեղ: Նշենք, որ ծրագրով խոստացել էին ստեղծել 20 աշխատատեղ։

 

 

 Հետաքրքիր է, որ «Վիսավտ» ընկերությունն ընդամենը 100 հազար դրամ կանոնադրական կապիտալ ունի, սակայն կարողացել է 4.6 մլրդ դրամի ներդրում կատարել։ 

«Վիսավտ» ընկերության «Ջերմաջուր» հէկի լիցենզիան տրվել է 2017 թվականի փետրվարին եւ ավարտվում է 2027 թվականին: 

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ

Երրորդ խոշոր հէկը՝ «Լև-1»-ը, պատկանում է «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերությանը: «Լև-1»-ը գտնվում է Չափնի բնակավայրի մոտ՝ Լև գետի աջ ափին: Դրվածքային հզորությունը 7,562 մվտ է, էլէներգիայի միջին տարեկան արտադրանքը՝ 37, 435 մլն կվտ ժամում: Հէկի շահագործման լիցենզիայի ժամկետը 2018 թվականի դեկտեմբերից մինչև 2033 թվականն է: 

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն դրվածքային հզորությամբ ԼՂՀ խոշորագույն հիդրոէլեկտրաէներգիա արտադրող ընկերությունն է, դրվածքային հզորությունը` 79.5 ՄՎՏ: «Արցախ ՀԷԿ»-ը որպես փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրվել է Արցախի կառավարության 2007թ.-ի որոշմամբ։ Ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատեր էր ԱՀ-ը` ի դեմս Կառավարության: Սակայն Կառավարության որոշմամբ 2008թ. «Արցախ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպվել է «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության: 

«Արցախ ՀԷԿ»-ը ներկայումս շահագործում է 8 հէկ, նրա հիմնական ակտիվը Սարսանգ ջրամբարի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանն է` 50 մվտ դրվածքային հզորությամբ: Իսկ երկրորդը հենց «Լև-1»-ն է` 7,562 մվտ հզորությամբ:

Ներկայումս ԱՀ Կառավարությունը «Արցախ ՀԷԿ»-ում բաժնեմաս չունի։

 

Այժմ «Արցախ ՀԷԿ»-ն ունի չորս խոշոր (մինչև 10 տոկոս բաժնեմաս ունեցող ) սեփականատեր, որոնցից երեքը արտերկրում գրանցված ընկերություններ են։

Արցախ ԲԲԸ-ի 17.2 տոկոսի բաժնետերը «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն է։ Դրա 75 տոկոսից ավելի բաժնեմասը պատկանում է Մարսելում Հայաստանի պատվո հյուպատոս, շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին։ Ընկերությունը գրանցված է Մեծ Բրիտանիայում։

«Արցախ ՀԷԿ»-ի 37.6 տոկոս բաժնեմասը պատկանում է դարձյալ Վարդան Սրմաքեշի «Մ. Էներգոինվեստ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Ընկերության տնօրենը Բուրակ Կիրկորյանն է։ Վերջինս միեւնույն ժամանակ Վարդան Սրմաքեշի հիմնադրած «Էյ դաբլյու գրուպ» ընկերության (ժամացույցներ արտադրող AWI բրենդ) տնօրենն է, մի շարք գործարքներում հանդես է եկել որպես Սրմաքեշի ներկայացուցիչ։

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի 10.9 տոկոսի բաժնետերը Ժոզեֆ Ուղուրլյանն է։ Նա Ամուլսարը շահագործել ցանկացող «Լիդիան Ինթերնեշընլ» ընկերության արժեթղթերի բաժնետերերից Amber Capital LLP ընկերության հիմնադիրը և գլխավոր տնօրենն է (ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի 10.4 տոկոս բաժնեմասը պատկանում է Գերմանիայում գրանցված «ԿԳԱԼ Նյու Ֆռոնթայրս» ընկերությանը։ Ընկերության հատուկ խորհրդատուն Վլադիմիր Շեկոյանն է։ Նա 2017 թվականից նաև «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ խորհրդի անդամ է։ Շեկոյանը գլխավորում է միջազգային ֆինանսատնտեսագիտական և ինվեստիցիոն ծառայություններ մատուցող ԿԳԱԼ Նյու Ֆռոնթայրս» ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում, իսկ բաժանմունքները գործում են վեց երկրներում:

 

 

«Թարթառ էներջի» ՍՊԸ

«Լև 2» հէկը շահագործում է «Թարթառ էներջի» ՍՊԸ-ն: Հէկ-ը կառուցվել է Շահումյանի շրջանի Եղեգնուտ և Նոր Գետաշեն համայնքների տարածքում, Թարթառ գետի ձախակողմյա վտակ Լև գետի վրա: Ընկերությունը հէկի շահագործման լիցենզիա ստացել է 2019-ի ամռանը։ Այն գործելու է մինչև 2034 թվականը: 

Հէկի դրվածքային հզորությունը 4,186 մվտ է, միջին տարեկան արտադրությունը կազմում է 24,16 մլն կվտ/ժ: 

 

 

«Թարթառ էներջի» ՍՊԸ-ի բաժնետերերը երկուսն են՝ Արցախի բնակիչ Վարդան Խաչատրյանը և Հայաստանում գրանցված, Արցախում բնակվող Սերգեյ Մուսայելյանը։ Վերջինս նաև ընկերության տնօրենն է։

 

Սակայն Արցախում այս հէկը կապվում է ԼՂՀ Բնապահպանության եւ բնական ռեսուրսների վարչության նախկին պետ, իսկ ներկայում հատուկ հանձնարարությունների գծով ԱՀ նախագահի ներկայացուցիչ Կոմիտաս Կարապետյանի հետ: 

Ի՞նչ կապ ունեն Վարդան Խաչատրյանն ու Սերգեյ Մուսայելյանը Կոմիտաս Կարապետյանի հետ

«Թարթառ էներջի» ընկերության բաժնետեր Վարդան Խաչատրյանը հաշվապահ էր աշխատում (2014-2017) ԼՂՀ  կառավարությանն առընթեր Բնապահպանության եւ բնական ռեսուրսների վարչությունում՝ Կոմիտաս Կարապետյանի ղեկավարման տարիներին (2013-2016 թթ.): Բացի այդ, Վարդան Խաչատրյանն ու Սերգեյ Մուսայելյանը գրանցված են Քաշաթաղի շրջանում հէկ շահագործող երեք տարբեր ընկերությունում, որոնք դարձյալ առնչվում են Կոմիտաս Կարապետյանի հետ:  

Կոմիտաս Կարապետյանի, Սերգեյ Մուսայելյանի և Վարդան Խաչատրյանի կապը երևում է նաև Քաշաթաղի շրջանում հէկ շահագործող «Լև էներջի» ընկերությունում։ Կոմիտաս Կարապետյանի կինը՝ Մերի Կարապետյանը ու Սերգեյ Մուսայելյանը «Լև էներջի»-ի հիմնադիրներն են, իսկ ընկերության ներկայիս բաժնետերերից մեկը Վարդան Խաչատրյանի եղբայրն է՝ Գևորգ Խաչատրյանը։

Արցախի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից հայտնել են, որ «Թարթառ էներջի» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժենմասն այժմ գրավադրված է «Արցախբանկ» ՓԲԸ-ում:

«Ռիվեր էներջի» ՍՊԸ

Դրվածքային հզորությամբ (4 հազար մեգավատ) 5-րդ հէկ-ը «Ռիվեր էներջի»-ն է։ Հէկը շահագործում է նույնանուն «Ռիվեր էներջի» ՍՊԸ-ն:

«Ռիվեր էներջի»-ն դրվածքային հզորությամբ զիջում է «Լև 2»-ին, բայց միջին տարեկան արտադրությունը ավելի մեծ է՝ 31,67 մլն կվտ/ժ: «Ռիվեր էներջի»-ին դրվածքային հզորությամբ զիջում է «Լև 2»-ին, բայց միջին տարեկան արտադրությունը ավելի մեծ է՝ 31,67 մլն կվտ/ժ:

2016-2019 թվականներին «Ռիվեր էներջի» ՍՊԸ-ի տնօրենն ու 50 տոկոսի բաժնետերը եղել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ և Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը: 2019 թվականի օգոստոսից Սամվել Կարապետյանն իր բաժնեմասը փոխանցել է որդուն՝ Վալերի Կարապետյանին։ Նա նաև ընկերության տնօրենն է։

Ընկերության մյուս 50 տոկոսի բաժնետերը Հայաստանում գրանցված Արփի Ահարոնյան է։ 

 

 

«Ռիվեր էներջի» ընկերության հէկը գտնվում է Ծար համայնքի Թարթառ գետի Կարախաչի վտակի վրա: Ընկերությունը շահագործման լիցենզիան ստացել է 2019 թվականի հունիսին, գործելու է մինչև 2034 թվականը:  

«Մեգատոն» 

Հաջորդ փոքր հէկը «Եղեգնուտն» է, այն շահագործում է «Մեգատոն» ՓԲԸ-ն: Դրվածքային հզորությունը 2,86 մվտ է, տարեկան արտադրությունը՝ 11,24 մլն կվտ ժամում: «Մեգատոն» ՓԲԸ-ի հէկը գտնվում է Եղեգնուտ համայնքի տարածքում, Մայդան գետի վրա:

 

«Մեգատոն» ընկերությունը փակ բաժնետիրական ընկերություն է։ Այդ իսկ պատճառով Արցախի իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Հետքին» չի տրամադրել ընկերության բաժնետերերի ցանկը, սակայն փոխանցել է ընկերության տնօրեն Սուրեն Դոշոյանի անունը: Նա Հայաստանի գյուղատնտեսության և տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանի ազգականն է ու մեկ այլ հէկ շահագործող «Լիմենստոն» ընկերության տնօրենը։

«Լիմեստոն» ՍՊԸ

Նոր Գետաշեն համայնքում Թարթառ գետի ձախ վտակի վրա գտնվող «Եղեգնուտ 1» առավել փոքր հէկը շահագործում է «Լիմեստոն» ՍՊԸ-ն: Դրվածքային հզորությունը 0,8 մվտ է, էներգիայի տարեկան միջին արտադրությունը՝ 5,692 մլն կվտ/ժ: 

«Եղեգնուտ 1» հէկերի շահագործող «Լիմեստոն» ընկերության տնօրենը կրկին Սուրեն Դոշոյանն է: 

«Լիմեստոն» սահմանափակ պատախանատվությամբ ընկերությունը Արցախի պետական ռեգիստրում գրանցվել է 2016 թվականի հունիսի 10-ին: Ընկերությունն ունի երեք բաժնետեր։ Բաժնետերերից մեկը «Բալասանյան» խմբակցությունից Գյումրու ավագանու անդամ Արտակ Ադամյանն է։ Հիշեցնենք, որ վերջինիս հոր «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն նախորդ տարի կառուցեց Գյումրու ավտոմաքսատունը։ 

Ընկերության մյուս բաժնետերերն են կանադահայ Հրայր Սողոմոնյանը և Մարիամ Խաչատրյանը։

 

«Լիմեստոն» ընկերության բաժնետերերը (բացի Մարիամ Խաչատրյանից), այդ թվում՝ Դավիթ Լոքյանի որդի, վարչապետի նախկին խորհրդական Սերգեյ Լոքյանը, կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բաժնետերեր են նաև «Այուդա-Լոս» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը շահագործում է Լոռու մարզի Մարցիգետը սնուցող Սարաջուր վտակի վրա կառուցված «Պոզիտրոն» հէկը, որը գործում է 2012 թվականից:

Բացի այդ, Սուրեն Դոշոյանի ու Դավիթ Լոքյանի «Նետրինո» ընկերությունը Քաշաթաղի շրջանում շահագործում է մեկ այլ հէկ։ 

Նշենք նաև, որ Սուրեն Դոշոյանը, Հայկ Սողոմոնյանն ու ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը բաժնետերեր են անշարժ գույքի վարձակալության հանձնմամբ զբաղվող «Դիպօլ» ընկերությունում։

Արցախի նեդրումային հիմնադրամը չի տրամադրում ընկերությունների ֆինանսական աջակցության մասին տվյալները

Շահումյան վարչական շրջանում գործող 7 հէկից չորսը լիցենզիա են ստացել 2019 թվականին: Հէկի շահագործման առաջին լիցենզիան Շահումյանի շրջանում տրվել է 2015 թվականին «Մեգատոն» ընկերությանը, վերջինը՝ «Էլիտ Հիդրո» ՍՊԸ-ին՝ 2019 թվականի դեկտեմբերի 25-ին: 

«Հետքը» նաև հարցում է ուղարկել Արցախի նեդրումային հիմնադրամ` խնդրելով տեղեկատվություն տրամադրել հէկ շահագործող որոշ ընկերությունների ֆինանսական աջակցության վերաբերյալ: Ներդրումային հիմնադրամը չի տրամադրել հայցվող տեղեկատվությունը՝ հիմնավորելով, թե այն պարունակում է բանկային և առևտրային գաղտնիք: Արցախի նեդրումային հիմնադրամն արդեն երկրորդ անգամ նույն հիմնավորմամբ «Հետքին» հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել: 

Շահումյանի շրջանում շարունակում են նոր հէկեր կառուցել 

Մինչ վերջերս Շահումյանի շրջանում շարունակում էին հէկեր կառուցել: Ներկա պահին  հէկաշինական բոլոր աշխատանքները դադարեցված են, ըստ ԱՀ Կառավարության՝ դրանք չեն վերսկսվի մինչև մասնագիտական հանձնաժողովի համապատասխան եզրակացությունը: Ներկայացնում ենք կառուցման լիցենզիա ստացած ընկերությունները:

Նոր հէկերից մեկը կրկին կառուցում է «Արցախհէկ» ԲԲԸ-ն: Նրա 4.961 մվտ դրվածքային հզորությամբ «Քարվաճառ» հէկը գտնվում է Ծար համայնքում, Թարթառ գետի վրա: Լիցենզիայի գործողության ժամկետը 2021-2036 թվականներն են:

«Էներջի ստրոյ» ՍՊԸ-ն 4.639 մվտ դրվածքային հզորությամբ «Գետաշեն» անվանումով հէկ է կառուցում Նոր Գետաշեն և Նոր Բրաջուր համայնքների վարչական տարածքներում՝ Թարթառ գետի վրա: 

Ընկերության սեփականատերերն են Էրիկ Հարությունյանը, Ֆելիքս Գրիգորյանը և Հենրիխ Աթայանը: Հենրիխ Աթայանը վերոնշյալ «Էլիտ Հիդրո»-ի հետ կապակցված Միքայել Աթայանի ավագ եղբայրն է:  

«Էներջի ստրոյ»-ի հաջորդ բաժնետերը Ֆելիքս Հովհաննիսյանն է՝ Ստեփանակերտի «Ռոսիա» ռեստորանային համալիրի անվտանգության ծառայության պետը: 

 

 

«Մռավ» ՍՊԸ-ի նույնանուն, 2.4 հազար մվտ դրվածքային հզորությամբ «Մռավ» հէկը գտնվում է Շահումյանի շրջանի Եղեգնուտ համայնքի տարածքում՝ Մայդան գետի վրա: Ընկերության բաժնետերերն են Շահումյանի շրջանի նախկին ղեկավար Ռոբերտ Այդինյանն ու Սուրեն Օհանջանյանը։

Ռոբերտ Այդինյանը նաև Քարվաճառ քաղաքի նախկին քաղաքապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ Ռոլանդ Այդինյանի հայրն է: Ընկերության մյուս բաժնետերն ու տնօրենը Հայաստանում գրանցված Սուրեն Օհանջանյանն է:

Սուրեն Օհանջանյանի հայրը էներգետիկայի բնագավառում մասնագիտացած շինմոնտաժային «Գեղամա ԷՑՇ» ընկերության տնօրենն է:

«Ջեներալ էներջի»

Շահումյանի շրջանում կառուցվող ամենաթույլ՝ 1.925 հազար մվտ դրվածքային հզորությամբ «Ջեներալ էներջի» ընկերության հէկը գտնվում է Ծար համայնքի Թարթառ գետի ձախ վտակ Չարգետի ավազանում:

«Ջեներալ էներջի» ՍՊԸ-ի բաժնետերերն են Յուրի Բարսեղյանը և «Ջեներալ ինվեստ» ՍՊԸ-ն: «Ջեներալ ինվեստ» ՍՊԸ-ն նույնպես պատկանում է Բարսեղյանին։ Վերջինս ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ Լյուդմիլա Բարսեղյանի ամուսինն է: 
Ի դեպ, հիմնադրման պահին (08.08.2017) «Ջեներալ Էներջի» ընկերության միակ հիմնադիրը Ստեփանակերտի ներկայիս քաղաքապետ Դավիթ Սարգսյանն է:  

Ներկա դրությամբ Արցախում գործում է 1 խոշոր և 31 փոքր հիդրոէլեկտրակայան, «Հետքը» շարունակելու է ներկայացնել Արցախի մյուս շրջանների հէկերի սեփականատերերին։

  • Կիսվել: