ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սան Պաուլոյում Արցախյան պատերազմների զոհերին հիշատակին կոթող է տեղադրվել

Սան Պաուլոյում Արցախյան պատերազմների զոհերին հիշատակին կոթող է տեղադրվել

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի Հայոց թեմի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում Սբ. Պատարագ է մատուցվել:

Առաջորդ հայրը իր խոսքում ևս մեկ անգամ շեշտել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Արցախի Հանրապետության անկախության ճանաչման կարևորությունը` իր և համայնքի զորակցությունն ու աջակցությունը հայտնելով Արցախի Հանրապետության ժողովրդին ու իշխանությանը:
 
Պատարագից հետո տեղի է ունեցել Արցախյան երեք պատերազմների զոհերի հիշատակին նվիրված կոթողի բացման և օրհնության արարողությունը: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց պաշտոնական այցով Հարավային Ամերիկայում գտնվող ԱՀ նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը, ով ներկա է գտնվել հուշակոթողի բացման արարողությանը։
 
«Այս հուշակոթողի տեղադրման գաղափարը Թեմի ատենապետ և Արցախի լավագույն բարեկամ Անդրե Կիսաջեկյանի մոտ ծագել էր դեռեւս պատերազմի օրերին։ Նախագծի հեղինակն է «Տերյան» մշակութային կենտրոնը: Բացման արարողությանը առիթ ունեցա Բրազիլիայի թեմի Առաջնորդ Նարեկ Եպս. Բերբերյանին և թեմի ատենապետ Անդրե Կիսաջեկյանին հանձնել ԱՀ Պետական նախարարի հուշամեդալները՝ Արցախին անմնացորդ ծառայելու պատրաստակամության համար: Բացման արարողությունից հետո, որին ներկա էր հայ համայնքի մեծամասնությունը, այցելեցինք Հայ օգնության միության գրասենյակ։ Այստեղ կազմակերպվել է Հայաստանի առաջին Հանրապետության օրվան նվիրված միջոցառում: Գրասենյակում է գործում նաև Բրազիլիայի Սան Պաուլո համայնքի ՀՅԴ Դրո կոմիտեությունը, որտեղ հանդիպում եղավ կոմիտեի անդամների և ՀՅԴ Հարավային Ամերիկայի կենտրոնական կոմիտեի անդամ Նիկոլ Նիկողոսյանի հետ»,- ներկայացրեց մեր զրուցակիցը` նշելով, որ այդպիսով ամփոփվեց նրա` Բրազիլիա կատարած այցը:
 
Մեր զրուցակիցը մանրամասնեց` հաջորդիվ հանդիպումներ կկայանան Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեոյում:

  • Կիսվել: